fbpx
Հասարակություն

Կառավարությունը մեծացնում է համայնքների աջակցության չափը

Կառավարության նիստի ընթացքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը:

«Տարեցտարի տարբեր քննարկումների արդյունքում անընդհատ փոփոխություններ ենք անում: Այս տարի մոտ 10 փոփոխություն ենք առանձնացրել՝ նպատակ ունենալով բարելավել ծրագրերը: Նախորդ տարիներին կային սահմանամերձ համայնքներ, բարձրլեռնային համայնքներ՝ նույն տողում: Հիմա փորձել ենք սահմանամերձ համայնքներն առանձնացնել և Կառավարության կողմից տրվող աջակցության չափը մեծացնել:

Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է նախադպրոցական հաստատություններին՝ հաշվի առնելով Կառավարության մտադրությունը՝ համայնքներում մանկապարտեզների կառուցմանը տեմպ տալու, այստեղ Կառավարության աջակցությունը մեծացնելու: Տոկոսադրույքները հստակ փոխվել են: Մինիմում շեմը սահմանվել է 70 տոկոս, անկախ մայրաքաղաքից բնակավայրի հեռավորության, իսկ բարձրլեռնային ու սահմանամերձ համայնքներում՝ մինչև 80 տոկոս»,- ասաց Սանոսյանը:

Նրա խոսքով՝ համայնքները կառավարությանը հիմնականում դիմում են ոռոգման և խմելու ջրի համակարգերի, ինչպես նաև ասֆալտապատման ծրագրերի հարցով:

Այս ուղղություններով ևս աջակցության տոկոսը բարձրացել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց ծրագիրը և անդրադարձավ նախ մանկապարտեզների կառուցմանը և նորոգմանը:

«Այն մանկապարտեզները, որոնք մանկապարտեզի նորոգման կամ կառուցման հայտ կներկայացնեն, կառավարությունը 70 տոկոս ֆինանսավորում կիրականացնի: Սա մենք անում ենք նաև «500 մանկապարտեզը՝ 5 տարում» կառուցելու ծրագիրն իրականացնելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով արոտավայրեր տանող ճանապարհների կառուցման մասին՝ Փաշինյանը նշեց. «1 միլիոն հեկտարից ավելի արոտավայրեր կան, բայց այդ արոտավայրերի 80 տոկոսը չի օգտագործվում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրա հիմնական պատճառը նորմալ ճանապարհների բացակայությունն է: Մենք հիմա խրախուսում ենք այս ծրագիրը, որպեսզի ճանապարհային ցանց ձևավորվի դեպի արոտավայրեր»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ