fbpx
Խորհրդարան

Կարո՞ղ է ՀՀ-ին սպառնալ դեֆոլտի վտանգ կամ անշարժ գույքի գնանկում. Տիգրան Ուրիխանյան

Այսօր խորհրդարանում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը հարցրեց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանից, թե հնարավո՞ր է ՀՀ-ին սպառնալ դեֆոլտի վտանգ կամ անշարժ գույքի գնանկում.

«Այս տարվա կտրվածքով ՀՀ-ն պիտի սպասարկի 400 մլն-ից ավելի արտաքին պարտքի ակումուլյացիա, հաջորդ տարի 800-ից ավելի` միլիոնի չափով, այսինքն` ընդհանուր առմամբ, կարճ ժամանակի մեջ, 1 մլրդ 200 մլն դոլարից ավել պարտքի ակումուլյացիա պիտի սպասարկի ՀՀ-ն, որի պետական բյուջեն շուրջ 3 մլրդ 55 մլն գումար է կազմում»:

«Պարո´ն Ուրիխանյան, անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչի եք այդպիսի թախծոտ ձայնով այդ հարցը տալիս, որովհետև հասկանալի է չէ, որ դա նորություն չէ, էսօր չի ծագել և միջանկյալ ծախսերի ծրագրով, բյուջետային ծրագրով էդ ամեն ինչը նախատեսված է: Ո´չ, ձեր նշած որևէ սպառնալիք ՀՀ-ին չի կարող սպառնալ: Անշարժ գույքի գները ոչ թե նվազելու են, այլ բարձրանալու: Պետական բյուջեի եկամուտները ոչ թե նվազելու են, այլ ավելանալու են: Էս տարի մենք առնվազն 40 մլրդ դրամով ավել գումար ենք հավաքելու պետական բյուջե: Մեր տնտեսական ակտիվության ցուցանիշները հիմնավորում են, որ մենք պետական բյուջեի եկամուտները շարունակաբար ավելացնելու ենք տնտեսական աճի և ստվերային տնտեսության կրճատման հաշվին»,- պատասխանել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ ՀՀ-ում, միջազգային կազմակերպությունների գնահատմամբ, 50 տոկոս ստվեր կա, պետք է գնալ այդ ստվերի հարկման ճանապարհով, բայց ստվերի հարկման համար շատ կարևոր պայման կա՝ կոռուպցիայի բացակայությունը.

«Էդ ո՞նց է, որ մենք էս 10 ամսվա մեջ կարողանում ենք 40 մլրդ դրամ ավել պլանավորել, որ հավաքեն: Ենթադրում եմ, որ դրա պատճառներից մեկն էն է, որ կառավարությունը և իշխանությունը չեն գնում էդ բիզնեսներից իր բաժինը, փայերը հավաքելու և էդ գումարը գոյանում է, և մենք էդ հավաքելու ենք»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ռիսկերը միշտ էլ կան, բայց դրանք կապված են ոչ թե ՀՀ-ի, այլ գլոբալ իրավիճակի ու գլոբալ խնդիրների հետ:

Տիգրան Ուրիխանյանն այս պատասխանը լսելուց հետո`արձագանքի ժամանակ, անդրադարձել է Փաշինյանի այն ասածին, թե ինչու է «թախծոտ ձայնով» հարց տալիս.

«Պարո´ն վարչապետ, Դուք լավ գիտեք իմ հարգալից վերաբերմունքի մասին: Հարցը տալիս եմ ահռելի պարտքի մասին, ժպտում եք, հետո ասում եք «թախծոտ ձայնով»: «ԱԺ կանոնակարգ օրենքը» չի կանոնակարգում պատգամավորի ձայնի ելևէջները, բա պարտքից եմ հարցնում, բյուջեի կեսի չափ պարտք ունենք մարելու, բա թախիծ է, բա ի՞նչ է: Բա դա լուրջ հարց է, այո´, ես մտահոգ եմ ու հիշեցնում եմ ձեզ, որ թախծոդ հարցեր տվել եմ բոլոր իշխանություններին, որոնց հանդիպել եմ այս դահլիճում, մենք Ձեզ հետ միասին ենք դա արել: Ես ուզում եմ իմանալ՝ պարտք վերցնելո՞ւ է պետությունը, որ պարտք փակի, գումարը հերիքելո՞ւ է, թե՞ չէ»:

«Պարո´ն Ուրիխանյան, կներե´ք, եթե իմ խոսքի մեջ ոչ պատեհ բան նկատեցիք: Ես որևէ նման բան նկատի չունեի, եթե նկատել եք, ներողություն եմ խնդրում: Ես ընդամենը Ձեր տրամադրությունն էի ուզում փոխեի: Ես ուզում էի` Ձեր տրամադրությունն ավելի լավ լինի և էսօրվա իմ խոսքի, ելույթի ամբողջ տրամաբանությունը դա էր: Չկա էդպիսի խնդիր, որի լուծումը մտքի ասպարեզում չէ: Որևէ խնդիր, որն ուզում ենք լուծել մտքի ասպարեզից այլ ասպարեզում, փոսն ենք ընկնելու»,- ասել է վարչապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ