Կառավարություն
19:00 16/12/2019

Կարող էինք սև ցուցակում հայտնվել, բայց դա տեղի չունեացավ․ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ

Կարող էինք հայտնվել, այսպես կոչված, «սև ցուցակ»-ում, բայց դա տեղի չունեցավ, որովհետև շատ լավ ելույթ ունեցանք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ մեկնաբանելով Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանի նկատմամբ խստացված ստուգումներ իրականացնելու մասին տեղեկությունը:

«Նոյեմբերի 20-ին մեզ կանչեցին այդ հանդիպմանը, և մենք կարող էինք հայտնվել այսպես կոչված «սև ցուցակ»-ում, բայց դա տեղի չունեցավ, որովհետև շատ լավ ելույթ ունեցանք, երկու ժամ հանդիպում եղավ, բոլոր հնչած հարցերին սպառիչ պատասխանեցինք: Արդյունքում, նրանք համարեցին, որ հիմա չարժե որևէ ավիաընկերություն սև ցուցակի մեջ ներառել: Նրանց կողմից որոշում կայացվեց, որ գան Հայաստան, ավելի կոնկրետ՝ փետրվարին: Հետո մեզ կկանչեն հանդիպման արդեն մայիսին, որ վերջնական որոշում կայացնեն»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը:

Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ շատ աշխատանք կա կատարելու, և դա պետք է արվեր դեռ 10 տարի առաջ: Խնդիրը Հայաստանում գրանցված ավիաընկերությունների նկատմամբ բարձր մակարդակով վերահսկողությունն է: «Արմենիա» ավիաընկերությունը, «Atlantis European Airways»-ը և «Տարոն Ավիա»-ն դիմել էին ԵՄ չվերթներ իրականացնելու համար: Այդտեղ վերահսկողությունը շատ խիստ է: Առաջին երկու ընկերությունն աուդիտն անցել է, երրորդը չի կարողացել անցնել:

«Հետևանքն այն էր, որ իրենք սկսեցին կասկածել մեր քաղավիացիայի հսկողության վրա: Հարցում էին, թե ինչու չենք նկատել այդ խնդիրները: Այո մենք պետք է կարողանանք այդ բոլոր խնդիրները հայտնաբերել: Պատճառը կապված է ռեսուրսների հետ, աշխատավարձերը շատ ցածր են և ամենալավ մասնագետները նախընտրում են մասնավոր ընկերությունները: Դրա համար մենք շատ կոնկրետ քայլեր ենք ձեռնարկում, գտնում ենք, որ պետք է լինեն օրենսդրական փոփոխություններ, որ աշխատավարձերը կարողանանք բարձրացնել»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը:

Նա նշեց, որ դա չի լինելու պետբյուջեի հաշվին: Այլ հնարավորություն է տրվելու Քաղավիացիային, որ սկսեն գումար գանձել իր ծառայությունների համար: Տաթևիկ Ռևազյանը նկատեց, որ ամբողջ աշխարհում դա ընդունված տարբերակ է:

«Եթե Հոլանդիայում ուզում ես ավիաընկերություն գրանցել, ապա դա արժե 25 հազար եվրո: Հայաստանում դա անվճար է, եթե դու օդաչու ես, ուզում ես քո լիցենզիան երկարաձգել, ապա մեզ մոտ անվճար է: Երբ մենք սկսենք մեր ծառայությունների համար գումար գանձել, արդեն կկարողանանք կտրուկ բարձրացնել աշխատավարձերը: Կարողանանք պատրաստել ու վերապատրաստել նոր մասնագետների»,-ասաց նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ