fbpx
Հասարակություն

Կաթնամթերքի տեղական արտադրությունը բավարարում է պահանջարկի 90-99 տոկոսը․ ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է կաթի և կաթնամթերքի շրջանառության ոլորտի ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները:

«Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝

«Հում կաթ» ապրանքային շուկայում ձեռքբերման տեսանկյունից չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, շուկան մրցակցային է։

Կաթնամթերք արտադրողները հում կաթի ձեռքբերում իրականացնում են ՀՀ գրեթե բոլոր մարզերից։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հոմոգեն արտադրանքների դեպքում, ինչպիսին է հում կաթը, գինը հիմնական մրցակցային գործոնն է, մասնավորապես, մրցակցությունը տեղի է ունենում գնի ձևավորման շուրջ։

Շուկայում հում կաթի նկատմամբ առաջարկն անհավասարաչափ է բաշխված, այդ իսկ պատճառով տնտեսվարող սուբյեկտներն իրականացնում են նաև կաթի փոշու արտադրություն և ներմուծում։

2020 թվականի ընթացքում ՀՀ ներմուծվել է 6 907 տոննա կաթի փոշի 48 տնտեսվարող սուբյեկտի կողմից։

Կաթնամթերքի արտադրության ոլորտը բավականին հագեցած է, ոլորտում գործունեություն է ծավալում շուրջ 250 տնտեսվարող սուբյեկտ։

Կաթնամթերքի շրջանառության ոլորտը հանդիսանում է բարձր մրցակցային, մասնավորապես, կաթնամթերքի առանձին ապրանքային շուկաներում մրցակցում են մի քանի տասնյակից ավելի տնտեսվարող սուբյեկտներ։

Առավել բարձր է մրցակցությունը «Պանիր», «Ջերմամշակված կաթ» և «Մածուն» ապրանքային շուկաներում, որտեղ գործում են, համապատասխանաբար, 141, 23 և 52 տնտեսվարող սուբյեկտներ, և առկա չեն մուտքի խոչընդոտներ։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կաթնամթերքի տեղական արտադրությունը բավարարում է պահանջարկի 90-99 տոկոսը։

Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի կայքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ