fbpx
Երևան

Կենդանաբանական այգու ուսումնասիրությունները կհրապարակվեն նախաքննությունից հետո

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է «Կենդանասերների նախաձեռնող խմբի» անդամների հետ, որոնք տևական ժամանակ պահանջում են կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը:

Կենդանասերներին մասնավորապես հետաքրքրել են այգում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները, կառավարման խորհրդի ձևավորման ընթացքն ու կազմը, նաև այգու ներկա տնօրենի լիազորությունների դադարեցման հնարավոր տարբերակը:
Խոսելով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի իրականացրած ուսումնասիրությունների մասին՝ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ արդյունքների մասին հանրությունը մանրամասն կիրազեկվի: Փոխքաղաքապետը նաև հավելել է, որ դրանք կհրապարակվեն նախաքննության ավարտից հետո միայն: Անդրադառնալով կենդանասերների՝ քաղաքապետարան ուղղած հարցադրումներին՝ Տիգրան Վիրաբյանն ընդգծել է.
«Ցանկացած հարց, որ գրավոր ուղարկվել է մեզ, ուսումնասիրվել է, այդ թվում՝ ինչպես փասթաթղթային խնդիրների, այնպես էլ կենդանիների անկման հետ կապված հարցերը: Ի դեպ, վերջինով զբաղվում է առանձին մասնագիտացված կառույց: Ոսւումնասիրությունների վերաբերյալ տրվել են նաև համապատասխան գնահատականներ, որոնք անպայման կտրամադրվեն ձեզ»,- նշել է Վիրաբյանը:
Կենդանաբանական այգու կառավարման խորհրդի ստեղծման առնչությամբ փոխքաղաքապետը նկատել է, որ, հաշվի առնելով, որ խորհրդի անդամները ոչ ֆորմալ առումով դառնալու են այգու կառավարիչներ, պետք է ընտրվեն այնպիսի մարդիկ, որոնք ոչ միայն կունենան մասնագիտական փորձ և կլինեն կենդանասերներ, այլև կպատկերացնեն այգու հետագա զարգացումն ու կվայելեն հանրության վստահությունը:
Տնօրենի լիազորությունների դադարեցման վերաբերյալ քաղաքապետի տեղակալը շեշտել է, որ այս առումով ասելիք կլինի միայն նախաքննության ավարտից հետո:
«Չնայած այս պահին ընթանում է նախաքննություն, սակայն, մենք փնտրում ենք կենդանաբանական այգու ղեկավար կազմը փոփոխելու ճանապարհներ, ինչի մասին տեղյակ է նաև անձամբ Ռուբեն Խաչատրյանը»,-հավելել է Տիգրան Վիրաբյանը:
Կենդանասերները նշել են, որ իրենց հարցադրումներում կան որոշակի հստակեցումներ, սակայն իրենք կսպասեն ուսումնասիրությունների արդյունքներին: Նրանք նաև ասել են, որ որքան էլ կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունների կասեցման հարցը իրավական տիրույթում է, իրենք մտադիր են շարունակել իրենց քայլերը:
«Կա խնդիր, որն օրհասական է և դա կենդանիների շարունակական անկումն է: Մենք գտնում ենք, որ առավել նպատակահարմար է ժամանակավորապես դադարեցնել տնօրենի լիազորությունները՝ նախքան նախաքննության ավարտը»,- նշել է «Կենդանասերների նախաձեռնող խմբի» համակարգող Արմեն Ումրշատյանը:
«Մենք հրաժարվել ենք դիմումներ գրել տալու կամ զանգով աշխատանքից ազատելու մեխանիզմներից: Լիազորությունների դադարեցումը, հեռացումը կամ նշանակումը պետք է լինի միայն իրավական բավարար հիմքեր ունենալու և օրենքով մեզ տրված լիազորությունների շրջանակում: Ցավոք, ես չեմ կարող լիազորությունների դադարեցման հիմքում դնել այն, որ պարոն Խաչատրյանը չի վայելում կենդանասերների սերն ու հարգանքը: Սա՝ զուտ իրավական տեսանկյունից: Բայց նաև ուզում եմ վստահ լինեք, որ մենք կարևորում ենք ձեր ներկայությունն ու անհանգստությունն այս խնդրի շուրջ: Ստեղծված իրավիճակի ու անհանգստության մասին զրուցել ենք նաև այգու աշատակիցների հետ հանդիպումների ժամանակ, որոնք անցել են անմիջական մթնոլորտում՝ առանց տնօրենի մասնակցության: Աշխատակիցների մեծամասնությունն, ի դեպ, նշում էր, որ աշխատանքային մթնոլորտն առողջ է և իրենք դեմ են տնօրենի ազատմանը»,-ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:
Փոխքաղաքապետը նաև տեղեկացրել է, որ քաղաքապետարանն այժմ նախաձեռնել է այգու ցանկապատի ամրացման նախագծանախահաշվային աշխատանքները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ