Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատանքային այցով գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այցելել է Լոս Անջելեսի հայկական դպրոցներ: Տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից։
Արայիկ Հարությունյանը նախ այցելել է ԱՐ. ԴԻ. Վայթ տարրական դպրոց, որտեղ կրթությունն իրականացվում է երկու լեզուներով՝ հայերեն և անգլերեն: Նախարարի պաշտոնակատարը հանդիպել է դպրոցի պատասխանատուների և տնօրենի հետ, քննարկել մի շարք հարցեր, այդ թվում՝ դասագրքերի և ուսուցիչների վերապատրաստումների վերաբերյալ:
Արայիկ Հարությունյանն այցելել է նաև Շարլոտ և Էլիզ Մերդինյան Հայ ավետարանական վարժարան, որտեղ տեղի ունեցած միջոցառման ընթացքում հանդես է եկել ելույթով: Նա իր խոսքում նշել է, որ ՀՀ նոր կառավարության համար սփյուռքի հետ համագործակցությունն էլ ավելի կարևոր է Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող տնտեսական զարգացումների համատեքստում, երբ առաջնահերթ է դարձել ԱՄՆ գիտակրթական և տեխնոլոգիական ներուժի ներգրավումը մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին:
Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով սփյուռքի հայկական համայնքների մասնակցությունը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը: «Վերջին օրերին զարմանքով նկատել եմ, որ սփյուռքի մեր հայրենակիցները՝ փոքրից մինչև մեծ, սկսել են ապրել բացառապես հայրենիքի խնդիրներով, նրանք ուշադիր հետևել և, ըստ էության, մասնակից են դարձել հեղափոխությանը. փոքրերը երգում են հեղափոխության երգերը, հարցեր տալիս դրա առաջնորդների մասին»,-նշել է Արայիկ Հարությունյանը:
Այնուհետև նախարարի պաշտոնակատարն այցելել են ՀԲԸՄ-ի Մանուկյան-Դեմիրճյան վարժարան, ծանոթացել ուսումնական ծրագրերին, ինչպես նաև շրջել դպրոցի լաբորատորիաներում: Այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել ՀԲԸՄ-ի ավագ դպրոցների աշակերտների ուսումնական պրակտիկան Հայաստանում, այդ թվում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպելու վերաբերյալ: Բացի այդ, ՀԲԸՄ-ի խորհրդի անդամները բարձրաձայնել են սփյուռքի մասնագետների ներուժը մեր երկրում տեղի ունեցող ծրագրերին ներգրավելու հարցը:
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ԱՄՆ-ում է գտնվում Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության նախագահ Ջոն Էմանուել Շիրաջյանի հրավերով: Առաջիկայում նախատեսվում են այցելություններ Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան /UCLA/, ինչպես նաև հանդիպումներ քաղաքային իշխանությունների, գիտական և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետ: