Ղազախստանում այսօր խորհրդարանի պալատների համատեղ նիստ է անցկացվել, որի ժամանակ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդվել է ժողովրդի առաջ և դարձել Ղազախստանի նախագահ:
Խորհրդարանի շենքի առջև կարմիր գորգ էր փռված, որ նախատեսված էր Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և նախագահի լիազորությունները ստանձնող Կասիմ Ժոմարտ Տոկաևի համար:
Ձեռքը Սահմանադրության վրա, օրհներգի հնչյունների ներքո՝ Տոկաևը հանդիսավորապես արտաբերեց երդման տեքստը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նրան հանձնեց նախագահի վկայականը:
«Մարտի 19-ին ամբողջ աշխարհը պատմական իրադարձության ականատեսը դարձավ: Ղազախական պետության հիմնադիր-հայրը՝ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարվեց երկրի ղեկավարի լիազորություններից: Նախագահի այս կամային որոշումը դարձավ նրա քաղաքական աստիճանի համոզիչ վկայությունը: Իր բոլոր ձեռքբերումներով ու հաջողություններով, իր սրբազան անկախությամբ Ղազախստանի Հանրապետությունը պարտական է հենց նրան՝ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: ԽՍՀՄ ավերակների վրա նա ստեղծեց և գլխավորեց նոր պետություն և ի հեճուկս վատատեսական կանխատեսումների՝ այն հաջողության հասցրեց»,- այս խոսքերով սկսեց իր ելույթը Ղազախստանի նոր նախագահը:Նա նաև առաջարկեց հավերժացնել նոր նախագահի անունը՝ մայրաքաղաքն անվանակոչելով Նուրսուլթան: Տոկաևը առաջարկեց ի պատիվ Ղազախստանի առաջին նախագահի՝ անվանակոչել նաև քաղաքների, բնակավայրերի բոլոր կենտրոնական փողոցները: Նրա լուսանկարները կշարունակեն մնալ բոլոր պետական ծառայողների կաբինետներում:
Երկրի նախկին և նոր ղեկավարները միմյանց ձեռք սեղմեցին, ապա լքեցին դահլիճը։
Հիշեցնենք՝ Երեկ՝ շուրջ 30 տարվա պաշտոնավարումից հետո, Նուրսուլթան Նազարբաևը վայր է դրել Ղազախստանի նախագահի իր լիազորությունները:
«Նա ինձ հետ էր աշխատում ամենասկզբից: Բոլոր ծրագրերը մշակվել և ընդունվել են նրա մասնակցությամբ: Տոկաևն այն մարդն է, որին կարող ենք վստահել Ղազախստանի կառավարումը»,- հրաժարականի մասին հայտարարելիս ասել էր Նազարբաևը:
Արդեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր նստավայրից՝ Ակորդայից, կտեղափոխվի Նազարբաև կենտրոն: