Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ ռուսամետության պակաս չի նկատվում իր վերջին հրապարակման մեջ, որքան էլ իր խոսքում դա վերագրի փաստերին ու իրողություններին, ինչպես նաև ամբողջ հայկական քաղաքական դաշտին պիտակավորի չգիտակցելը, որ Ռուսաստանն իր «կենսական» նշանակության խնդիրներն է լուծում տարածաշրջանում՝ ի տարբերություն արևմուտքի:
Սակայն, չի նկատում, որ հակասում է ինքն իրեն:
Օրինակ՝ «Ռուսաստանը չի կարող իր սահմանների անմիջական հարևանությամբ մի այնպիսի պայթյունավտանգ օջախ հանդուրժել» և Հոգլանդից մեջբերումը, ինչը փաստում է, որ ՌԴ-ն չի լուծելու խնդիրը, այլ թարմ է պահելու, որպեսզի իր ներկայությունը պահի, ամրացնի ու շարունակական դարձնի տարածաշրջանում:
Եվ իհարկե, ճիշտ է նկատում, որ բանալին, բայց ոչ խնդրի լուծման, գտնվում է ՌԴ ձեռքում ու հենց այդ պատճառով էլ չի լուծվել ու չի լուծվելու, քանի դեռ ՀՀ-ն դուրս չգա իրենց ազդեցության գոտուց կամ ցույց չտա, որ դուրս կգա, այլ ոչ թե սիրաշահի ու ավելի խորը փորձի ինտեգրվել ՌԴ-ին, ինչպես որ վարվեցին ԼՏՊ-ին հաջորդող երկու նախագահների օրոք՝ թույլ տալով, թե ռազմական, թե տնտեսական ավելի խորը և երկարատև ներկայացվածություն ունենալ:
Վերոգրյալ իմաստով Հայ ժողովուրդը տեսավ ՌԴ ձեռքը նաև առաջին նախագահի մեղավորությամբ․ նվիրաբերված լուծման բանալին (ՌԴ-ՀՀ բարեկամության դաշնագիրը) ինչպես օգտագործվեց մեր դեմ վերջին, բայց ոչ վերջնական պատերազմում: Տեսավ, թե ինչպես «բանալի ունեցողը» խոչընդոտեց մեր կռիվը հօգուտ ցեղասպան ահաբեկիչների, ինչպես ճնշեց մեր կողմին ու իր զորքը մտցրեց Արցախ, օկուպացրեց Արցախը՝ դրա դիմաց նվիրելով Ադրբեջանին ազատագրված շրջաններն ու Շուշին: Տեսավ, թե ինչպես ազատագրված տարածքների հանձնման քաղաքական քարոզը շատերի մոտ, պատերազմի դադարի խայտառակ հայտարարությունից հետո, շատ արագ հանդուրժողականություն ու համերաշխություն բերեց մեր հայրենակիցների արյունը թափող, մեր պամտական արժեքները ոչնչացնողների հանդեպ: Տեսավ, թե ինչպես թշնամու կողմ արձակված ռուսական զենքերը չկրակեցին ու չպայթեցին, և հակառակը՝ միլիարդներով Ադրբեջանի վրա վաճառված զենքերով խլվեցին հերոսական հայրենակիցների կյանքերը: Տեսավ, թե ինչպես Խծաբերդն ու Հին Թաղերը մեր տղերքի հետ մեկտեղ հանձնեցին հակառակորդին որպես պատանդներ:
Ի դեպ, նախագահը չի բացատրում նաև, թե Ռուսաստանն ինչո՞ւ պետք է թողնի սահման բացել Թուրքիայի հետ, եթե իր ռազմաբազայի ՀՀ-ում տեղակայումը անհիմն կդառնա՝ ՀՀ-ԹՀ սահման պահելու կարիք չի լինի. այսինքն, ինչո՞ւ պետք է թողնի ՌԴ-ն նրան ու իր ուժին՝ ի կատար ածել ԹՀ հետ հարաբերությունների ստեղծումը: Բնականաբար, հիմնավորված չէ նրա խոսքում:
Ըստ էության, կարելի է եզրակացնել, որ Տեր-Պետրոսյանը հերթական ռևերանսն է անում դեպի ՌԴ և ԹՀ պայմանավորվածություններում տեղավորվելու համար, որից բնականաբար մեր պետությունն օգուտ չի ունենա: Ուղղակի արժե հաշվի առնել, որ այսպիսի տեսանկյուն ևս կա իր բազմաշերտ ազդեցություններով: