fbpx
Առողջապահություն

Խուսափեք հակաբիոտիկների չարաշահումից

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայն` հակաբիոտիկներն արդյունավետ չեն COVID-19-ի բուժման համար, քանի որ այս հիվանդությունը պայմանավորված է վիրուսով: Հակաբիոտիկները կարելի է նշանակել միայն ծանր ախտանիշներով հիվանդներին բակտերիալ թոքաբորբը բուժելու նպատակով, գրում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հակաբիոտիկները մանրէային վարակների բուժման համար օգտագործվող դեղեր են և որևէ կերպ չեն ազդում վիրուսային վարակների վրա:

Հետազոտությունների արդյունքում (ԱՀԿ) պարզվել է, որ չնայած հոսպիտալացված հիվանդների 72% -ը ստացել է հակաբիոտիկներ, սակայն նրանցից միայն 8% -ի մոտ է հայտնաբերվել մանրէային վարակ:

Գնահատումները ցույց են տալիս, որ Եվրոպայում շուրջ 25 հազար և ԱՄՆ-ում 23 հազար մարդ տարեկան մահանում է հակաբիոտիկների հանդեպ կայուն մանրէներով հարուցված վարակներից:

Ասիայում, կայուն մանրէներով պայմանավորված վարակներից, յուրաքանչյուր հինգ րոպեում մահանում է մեկ երեխա:

2019 թվականին ՄԱԿ-ի հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության համակարգման խումբը զգուշացրել է, որ մինչև 2050 թվականը հակաբիոտիկային բուժման չենթարկվող հիվանդությունները կարող են տարեկան 10 միլիոն մահվան պատճառ դառնալ և այնքան աղետալի վնաս հասցնել տնտեսությանը, որ մինչև 2030 թվականը 24 միլիոն մարդու հասցնել ծայրահեղ աղքատության շեմին:

Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը լուրջ մտահոգություն է առաջացնում ամբողջ աշխարհում: Հաճախ օգտագործվող հակաբիոտիկները կարող են դառնալ անարդյունավետ ամենապարզ հիվանդությունների բուժման համար, և այս խնդիրը խորանում է հատկապես «COVID-19-ի ժամանակաշրջանում»:

Հիվանդությունների դեղակայուն ձևերի առաջացմանը, տարածմանը և պահպանմանը նպաստում են հակաբիոտիկների չհիմնավորված, առանց բժշկի նշանակման ու ոչ ռացիոնալ կիրառումը, ինքնաբուժումը, ոչ նպատակային և սխալ դեղաչափերով օգտագործումը կամ բուժման ընդհատումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ