fbpx
Երևան

Կիրովի այգում կարուսելներ չկան, մնացել են դրանց կմախքները. Լևոն Զաքարյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը մարտի 22-ին Ավագանու արտահերթ նիստի ժամանակ անդրադաձավ Կիրովի անվան մանկական այգու հետ կապված խնդրին: Նա նշեց, որ այգում արդեն 5-6 շինություններ կան, մեկում ներքին աշխատանքներ են տարվում, իսկ Շիրակ հյուրանոցի կողմից փորված մեծ հիմք կա և երկու կիսավարտ շինություններ, որոնց շուրջ դատական պրոցես է:

«Այս պահին շինարարական աշխատանքները կիսատ են մնացել: Սա մանկական այգի է, այնտեղ արդեն իսկ կարուսելներ չկան, մնացել են դրանց կմախքները: Եթե այսպես շարունակվի, այգին հավանաբար կկոչվի «մեծերի կողմից փոքրերից խլված մանկական այգի»»,- ասաց նա:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ այգին արդեն երեք ամիս է՝ իրենց ուշադրության կենտրոնում է:

«Այո´, ցավոք այդ շինարարությունն իրականացվել է մինչև մեր՝ քաղաքային իշխանություն լինելը, հենց այդ ամիսների ընթացքում արագ բարձրացնում էին այդ շինությունները: Այդ տարածքները 2002 թվականից 50 տարի ժամկետով վարձակալության են տրված, պայմանագիրը ցավոք քաղաքապետարանի համար վատ ձևով է գրված, մենք այստեղ կողմ թույլ ենք: Բոլոր կետերը, որ նշված են, թույլ են կատարվում, բայց ինչ-որ կերպ կատարվում են, բացի մի կետից՝ խաղային մասերի արդիականացում: Ինչպես ես փոքր տարիքում օգտվել եմ, այդպես էլ մեր երեխաներն են օգտվում»,- ասաց քաղաքապետը:

Մարությանն ասաց, որ այժմ բոլոր այգիները գույքագրվում են, ճշտվում են՝ ինչ պայմանագրով են տրված, ինչու, եթե լինում են խախտումներ, դիմում են դատախազություն: Քաղաքապետն ընդգծեց՝ պետք է ստիպել, որ վարձակալը կատարի պարտավորությունները, հակառակ դեպքում խզեն պայմանագիրը:

«Ցավոք, այս այգու պայմանագիրը ոչ բարենպաստ է գրված մեզ համար, համայնքի համար, բայց դա մեզ չի կանգնեցնի, մենք իրավական և մեր լիազորությունների սահմաններում բոլոր լծակներն օգտագործելու ենք»,- հավելեց նա:

Մեզ հետ զրույցում Լևոն Զաքարյանը հավելեց նաև, որ կարծում է, որ վերոնշյալ գործող պայմանագրերի իրավաչափությունը պետք է վիճարկել դատական կարգով։ Ավագանու անդամը նաև խմբագրությանը փոխանցեց ստացված պատասխանի, ինչպես նաև՝ այգում տիրող իրավիճակը նկարագրող լուսանկարները, որոնք արվել են իր իսկ կողմից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ