Վրաստանի Խորհրդարանը 79 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ ընդունել և հաստատել է կուսակցությունների ֆինանսավորման օրենսդրական նախաձեռնություն:
Գրում է Aliq.ge-ն։
Նշվում է, որ օրենսդրական փաթեթի համաձայն, մանդատներից հրաժարվող կուսակցությունը կորցնում է բյուջեի ֆինանսավորումը և մի շարք կանոնադրական արտոնություններ: Օրենսդրական փաթեթը «Վրացական երազանքի» նախաձեռնությունն է:
Ըստ աղբյուրի՝ օրինագծի համաձայն, կուսակցությունը կորցնում է պետբյուջեից ֆինանսավորում ստանալու իրավունքը, եթե կուսակցության կողմից ընտրված խորհրդարանի իրական անդամների թիվը կրճատվի իր ստացած մանդատների առնվազն կեսով:
Ինչպես նաև, առաջիկա 6 ամիսների ընթացքում կուսակցությունը չի ստանա բյուջեի ֆինանսավորում, եթե իր առաջադրմամբ ընտրված խորհրդարանի անդամների կեսից ավելին չմասնակցեն հերթական լիագումար նիստերի կեսից ավելիին:
Նշվում է նաև, որ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի փետրվարի 1-ից։