Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը, որն այս տարի նվիրվում է Ավետ Տերտերյանի հոբելյանին, կմեկնարկի փետրվարի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` բացման արարողությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը։ Այս համերգը բարեգործական է, և համերգի հասույթը փոխանցվելու է «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակն է արժևորել մեր կոմպոզիտորների երաժշտական ժառանգությունը՝ ներկայացնելով նրանց ստեղծագործությունները հանրության լայն շերտերին։ Փառատոնի շրջանակում թվայնացվում, ձայնագրվում են նաև այդ գործերը՝ նպաստելով հայկական երաժշտական ժառանգության պահպանմանը։
Փետրվարի 20-ից մինչև մարտի 13-ը կայանալիք համերգների ընթացքում կներկայացվեն ոչ միայն Ավետ Տերտերյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները (թիվ 7 և թիվ 8 սիմֆոնիաները), այլև հայ կոմպոզիտորական դպրոցի այլ ներկայացուցիչների՝ Արմեն Տիգրանյանի, Տիգրան Չուխաջյանի, Հարո Ստեփանյանի, Էդվարդ Միրզոյանի, Գրիգոր Եղիազարյանի, Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի գործերը։ Որպես մենակատարներ հանդես կգան Հասմիկ Պապյանը, Նարե Արղամանյանը, Լիլիթ Արտեմյանը, Դենիս Շապովալովը։
Ավետ Տերտերյանը 20-րդ դարի հայ մեծ կոմպոզիտորներից է, ԽՍՀՄ, ՀԽՍՀ ժողովրդականարտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր։ Նա համարվում է նոր սիմֆոնիկ ոճիհիմնադիրը։ Առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ. գրել է ութ սիմֆոնիա։ Նրասիմֆոնիաները իրենց նորարարական խիզախությամբ և հայկական հոգևոր երաժշտությանմոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորականարվեստում, այլև համաշխարհային երաժշտության մեջ (որոշ սիմֆոնիաներում Տերտերյանն օգտագործել է դուդուկ, զուռնա, թառ և այլն)։ Նրա գրչին են պատկանում նաև երկու օպերա, վոկալ, գործիքային և այլ ստեղծագործություններ։
Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գլխավորդիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Փառատոննանցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։