fbpx
Տնտեսություն

Կոնյակագործները դիմում են վարչապետին

Կոնյակագործությունը հարվածի տակ է. Տնտեսվարողները դիմում են վարչապետին

Օրենքի փոփոխությունն արդյունավետ չէ. Կոնյակագործների առաջարկը վարչապետին

Դիմում վարչապետին. Կոնյակագործները մշակել են նախագիծ

Փաստաթուղթ՝ կոնյակագործությունը զարգացնելու համար. մասնագետները դիմում են վարչապետին

Նոր օրենքի վնասները. Կոնյակագործները առաջարկ են ներկայացնում վարչապետին

Փետրվարի 6-ին Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հերթական հանդիպումը կոնյակագործությամբ ու գինեգործությամբ զբաղվող տասից ավելի ընկերությունների ներկայացուցիչների հետ էր: Այս քննարկումը բավական հրատապ էր նրանց համար: Թեման այն խնդիրներն ու խոչընդոտներն էին, որոնք ստեղծվել էին օրենսդրական վերջին փոփոխությունների արդյունքում: Գինու, խաղողի և կոնյակի ոլորտը Հայաստանում արտադրական մեծ պոտենցիալ ունեցող ճյուղերից է, իսկ կոնյակն ու գինին արտահանվող հիմնական ապրանքների շարքում են: Սակայն արտադրող և արտահանող ընկերություններն արդեն զգում են այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի բացասական ազդեցությունները՝ սկսած արտադրանքի ինքնարժեքի թանկացումից, արտահանման ծավալների նվազումից մինչև արտաքին շուկայում դիրքերի թուլացում և կորուստներ: Խոսքը «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին  օրենսդրական փոփոխության մասին է, որն ընդունվել է 2018 թվականի հունիսի 13-ին՝ 6-րդ գումարման ԱԺ-ի կողմից:

Քննարկման արդյունքում Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմկոմիտեն և ոլորտի ներկայացուցիչները կազմել և ընդունել են խնդրի կարգավորումը նախատեսող առաջարկությունների փաստաթուղթ-դիմումներ՝ ներկայացնելու ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին և ԱԺ  նախագահ Ա. Միրզոյանին:

Դիմում 1

ԱԺ-ի կողմից 2018 թվականի հունիսի 13-ին ընդունված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-359-Ն օրենսդրական փոփոխությունը, ըստ որի՝ արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացված կոնյակի սպիրտի արտադրանքի յուրաքանչյուր լիտրի դիմաց պետք է գանձվի 100 դրամ պետական տուրք, պարունակում է հետևյալ ռիսկերը՝

  1. Թանկացնում է տեղական արտադրության սպիրտը՝ դոլարային արտարժույթով մոտ 21 ցենտով: Հաշվի առնելով, որ կոնյակի սպիրտի հայաստանյան արտադրողների իրացման հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է, և այնտեղ արդեն կան հաստատված գներ, որոնցով իրենք գնում են, մեկ լիտրի հաշվով այդ 21 ցենտը բավական թանկ է:
  2. Կան ընկերություններ, որոնք սպիրտի պաշարներ չունեն և գնում են ուրիշից, որը վաճառելիս 21 ցենտն ավելացնում է, հետո արտահանողն էլ արտահանելիս է ևս 21 ցենտ ավելացնում, և արդեն ստացվում է 42 ցենտ: Արդյունքում համարյա կես դոլարով ավելանում է սպիրտի գինը, ինչը մեր արտադրանքը դարձնում է քիչ մրցունակ՝ մեր մրցակից երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Ուզբեկստանի հետ համեմատած, որոնք նույնպես իրենց սպիրտը վաճառում են Ռուսաստանի Դաշնությունում: Արդյունքում մենք կորցնում ենք արտահանման շուկան, իսկ, օրինակ, Ադրբեջանը շահում է:
  3. Ակնհայտ է, որ այս տուրքի պատճառով արտադրող և արտահանող ընկերությունները 100-200 դրամով ավելացնելու են սպիրտի ինքնարժեքը: Շղթայական ռեակցիայով այն ազդելու է խաղողի մթերման ծավալների վրա. խաղող մթերող ընկերություններն ավելի պակաս գին են առաջարկելու խաղողագործներին, որն էլ ենթադրում է, որ կիջնի խաղողի սպառումը Հայաստանում:
  4. Այս փոփոխության հեղինակները հավանաբար մտածել են, որ սույն փոփոխությամբ որոշակի չափով պետբյուջեն կարող է ավելանալ, սակայն հաշվի չեն առել, որ կկրճատվեն խաղողի մշակման, սպիրտի արտադրման և արտահանման ծավալները, ինչն էլ անխուսափելիորեն կհանգեցնի ուրիշ հարկերի գծով պետական մուտքերի իջեցմանը:

Այսպիսով՝

Օրենքի այս փոփոխությունը հարվածում է նախ գյուղացուն (խաղողագործին), ապա՝ արտադրող, արտահանող ընկերություններին:

Սա կարող է վերածվել սոցիալական խնդրի:

Նկատենք նաև, որ Օրենքն ընդունելուց առաջ ոլորտի ներկայացուցիչների հետ չի կազմակերպվել քննարկում որևէ ձևաչափով, ինչը խիստ անընդունելի պրակտիկա ենք համարում և հույս հայտնում, որ 7-րդ գումարման Ազգային ժողովն ու նոր կառավարությունը չեն որդեգրի վատ ժառանգություն մնացած այս  գործելաոճը:

Հետևաբար՝

Առաջարկում ենք վերանայել և շրջանառությունից հանել սույն թվականի հունվարից գործող այս Օրենքը:

Պատրաստակամություն ենք հայտնում Ազգային ժողովի և կառավարության հետ համատեղ քննարկել ցանկացած վիճահարույց հարց՝ խնդրո առնչությամբ:

Դիմում 2

Խնդրի նկարագրություն

Այսօր Հայաստանում կան կոնյակի և վիսկիի սպիրտ արտադրողներ: Կան նաև նորաստեղծ կամ փոքր ընկերություններ, որոնք կարող են դրանք գնել և արտահանել: Գնելու պահին նրանք, ըստ գործող օրենքի, պարտավոր են վճարել ներքին առևտրաշրջանառության համար նախատեսվող բոլոր հարկերը և նոր միայն արտահանել՝ որոշակի ժամանակ անց հետ ստանալով վճարված հարկերը կամ դրանց մի մասը:

Բայց այս տարվանից, օրինակ, վիսկիի ակցիզային հարկը շատ է բարձրացել: Եթե վիսկիի 1 լիտրի արժեքը մեծածախ առևտրի դեպքում մոտավորապես 2 դոլար է կազմում, դրա ակցիզային հարկը 4560 դրամ է դարձել: Փաստորեն, արտադրողն իր արտադրանքի արժեքի 5-ապատիկը  պետք է  վճարի պետությանը, գումարած ավելացված արժեքի հարկը, նոր միայն կարողանա արտահանել, որից հետո որոշ ժամանակ անց հետ ստանա վճարած հարկերը կամ դրանց մի մասը: Սակայն այսօր, բացի խոշոր արտադրողներից ու արտահանողներից, ոչ ոք ի վիճակի չէ նման մեծ ծախսեր ենթադրող պասսիվ ներդրումների, քանի որ վճարված հարկերի ետ վերադարձը ժամանակ է պահանջում, իսկ ժամանակը, մեծ գումարների հետ կապված, ֆինանսական վակուում է առաջացնում:

Ժամանակին նման մեծ ծախսերից խուսափելու համար օրենքը թույլ էր տալիս ունենալ համատեղ գործունեության պայմանագիր: Այսինքն՝ ընդունենք մեկը սպիրտ արտադրող է, մյուսը՝ արտահանող: Արտահանողը կարող էր արտադրողի հետ համատեղ գործունեության պայմանագիր ստորագրել՝ առանց ընկերություն ստեղծելու: Սա հնարավորություն էր տալիս միավորելու երկու տնտեսվարողների գործունեությունը՝ պայմանագրային հիմունքներով: Այսօրինակ գործարքի արդյունքում ստացվում էր, որ առանց գնում կատարելու՝ արտահանողը, արտահանման գումարները ստանալուն պես, ակտով վճարում էր սպիրտի ինքնարժեքը, գումարած շահույթը: Բայց օրենք ընդունվեց, որը թույլ չի տալիս այլևս նման պայմանագրային գործարք տնտեսվարողների միջև: Այսինքն՝ այն արտահանողը, որը լիցենզիա չունի, չի կարող արտահանել:

Այս Օրենքի տրամաբանությունից դատելով՝ արտահանող կարող է լինել միայն մեծ ձեռնարկությունը, իսկ փոքրերը չեն կարող զարգանալ, առանց հարկեր վճարելու ու մեծ գլխացավանքների ապրանք ձեռք բերել ու արտահանել:

Առաջարկություններ

Մշակել և ընդունել օրենք, որը թույլ կտա վերջնական տեսքով արտահանման համար ձեռք բերված նպատակային ապրանքներն արտահանել առանց հարկ վճարելու՝ ԱԱՀ, ակցիզային հարկ, տուրքեր՝ հատուկ պայմանագրերի միջոցով, որոնք նախօրոք կգրանցվեն Հարկային տեսչությունում:

Այսինքն՝ տնտեսվարող սուբյեկտը հարկային տեսչությունում կներկայացնի, որ երկրորդ կոմերցիոն ընկերությանը տալիս է որոշակի քանակությամբ ապրանք, որը պետք է արտահանվի: Մյուս կողմն էլ կբերի պայմանագիր, որ ի վիճակի է այդքանը արտահանել: Առանց հարկերի արտահանման նպատակով ապրանքը կտրվի երկրորդ կողմին: Երկրորդ կողմը կարտահանի, սակայն կվճարի միայն ապրանքի արժեքի համար: Եթե կառաջանա մնացորդ, այն կվերադարձվի երկրորդ կողմին: Այսինքն՝ ՀՀ չի մտնի հարկերից խուսափած կամ հարկեր չմուծած ապրանք, որը կմնա հարկային մարմինների վերահսկողությունից դուրս:

Ստեղծել հատուկ պայմանագիր, որը կնվազեցնի հարկային խարդախությունների ռիսկերը և թույլ կտա ընկերություններին ավելի հեշտ ձևով ներքին շուկայում ձեռք բերել ապրանքներ՝ արտահանման նպատակով:

Եզրակացություն

Եթե պետությունը օրենքով ստեղծի երկրկի ներսում արտահանողների համար մաքսիմալ արագ և ֆինանսական քիչ ծախսերով ապրանքաշրջանառության հնարավորություններ, որպեսզի արտահանումը լինի առանց լրացուցիչ գումարներ վճարելու, ապա այն լուրջ խթան կհանդիսանա արտահանման համար: Այսօր եթե ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի խնդիր կա ալկոհոլի շուկայում, ապա չի բացառվում, որ վաղը այլ արտադրանքների համար էլ ԱԱՀ-ն կավելանա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ