Կորոնավիրուս. վտանգավորության աստիճանը ու տարածման տենդենցներն

Ամենադիտվածներ

2019թ. դեկտեմբերին կենդանական աշխարհից մարդկությանը փոխանցված նոր կորոնավիրուսի (2019-nCoV) հետևանքները բնականաբար չեն կարող միայն առողջապահական լինել և լուրջ ազդեցություն են թողնում համաշխարհային տնտեսական զարգացման վրա, որի պատճառը առաջին հերթին ոչ թե համաճարակն է, այլ  համաճարակի արդյունքում առաջացած հասարակական վախերը:

Ասվածի ապացույցներից մեկն այն է, որ միայն 2018թ. տուբերկուլիոզով հիվանդացել է շուրջ տաս միլիոն մարդ, որի հետևանքով շուրջ մեկուկես միլիոնը մահացել է, այնինչ այս նոր վարակը, լինելով ավելի քիչ վնասաբեր, համաշխարհային տնտեսության վրա արդեն հասցրել է զգալի հետքեր թողնել: Սրա օբյեկտիվ կողմն է այն, որ վարակը մի կողմից դեռ իր տարածման փուլում է և տարբեր պետությունների ու հասարակությունների կողմից որոշակի նախազգուշական քայլերի ձեռնարկմամբ կարելի է այս նոր խնդրից ազատվել կամ, առնվազն, վերահսկելի դարձնել: Մյուս կողմից էլ վարակը, լինելով նոր, անորոշությունների տեղիք է տալիս, ինչը մարդկանց արձագանքն էլ ավելի է ուժեղացնում: Սակայն քանի որ համաճարակների նկատմամբ հասարակական արձագանքն ավելի շատ էմոցիոնալ, քան ռացիոնալ հիմքի վրա է լինում, մարդիկ հակվածություն են ունենում ծայրահեղ՝ ընդհուպ մինչև չհիմնավորված քայլեր ձեռնարկելու:

Հիվանդության առանձնահատկությունները վիրուսի՝ օրգանիզմի վրա թողնող ազդեցույթան վերաբերյալ կարող եք կարդալ մեր նախորդ հոդվածում

Ինչքանո՞վ է մահացու այս նոր հիվանդությունը։ Այս նյութի շարադրման պահին՝ մարտի մեկի դրությամբ, արձանագրվել է շուրջ 85,000 վարակի դեպք: Վարակվածներից շուրջ 3000-ը մահացել են, իսկ 45000-ը` վերջնական բուժում ստացել և առողջացել: Մահացության տոկոսը որոշելիս պետք է երկու հանգամանք հաշվի առնել. նախ՝ եթե մահացության տոկոսը, պայմանակորեն ասած, հինգ է, այն իրենից չի ենթադրում, որ այդ հինգ տոկոս հավանականությունը վերաբերվում է բոլորին։ Worldometers միջազգային վիճակագրական կազմակերպության հաշվարկներով՝ տասից հիսուն տարեկան անձնանց մահացության տոկոսը շուրջ 0.2-0.4 տոկոս է, իսկ իրենց կայքում առկա մյուս վիճակագրություններից կարող ենք հետևություն անել, մահացողների առնվազն զգալի մասը խռոնիկ հիվանդություն կամ քաղցկեղ ունեցողներն են:

Մանկահասակ երեխաների դեպքում դեռևս չի բացատրվել այն, թե ինչու է նրանց մոտ հիվանդության ծանր դրսևորումները բավականին սակավ լինում. արդյո՞ք պատճառը մանկահասակ երեխաների առողջական առանձնահատկությունն է, թե պատճառն ավելի շատ հասարակական է, այսինքն՝ համաճարակի շրջանում երեխաների նկատմամբ հետևողականությունը: Վերևի պարբերությունից կարող ենք եզրակացնել, որ մահացության տոկոսի աճը համընկնում է տարիքային աճի հետ, և այդտեղ մեծ դեր է խաղում նաև վարակվածների այլ հիվանդություններ ունենալը: Իսկ մահացության ընդհանուր տոկոսը տարբեր հաշվարկներով 2-5% է գնահատվում:

Որպես համեմատություն, նշենք, որ չնայած՝ սեզոնային գրիպներից քանակական առումով ավելի շատ մարդիկ են մահանում, բայց տոկոային առումով մահանում են վարակվածների 0.06-ից 0.1 տոկոսը: Համաճարակի տարածման տենդեցները ներկայումս վարակի գրանցված դեպքերի ավելի քան 90%-ը Չինաստանում է: Այս թիվը շարունակում է ավելանալ, սակայն վերջին օրերին այդ երկրում տարածման տեմպերը դանդաղել են. որպես համեմատություն նշենք, որ եթե միայն փետրվարի 12-ին այդտեղ արձանագրվել էր վարակի շուրջ 14,000 դեպք, ապա այժմ օրեկան վարակվում են հազարից քիչ մարդիկ:

Չինաստանից դուրս պատկերն այլ է: Ամբողջ աշխարհում վարակի տարածումը դեռևս իր սկզբնական փուլում է, և տեմպերը գնալով արագանում են՝ վարակի դեպքեր արձանագրած պետությունների թիվը հասցնելով ավելի քան յոթանասունի: Այսինքն՝ Չինաստանում և մնացյալ աշխարհում վարակի տարածման տենդեցները պետք է դիտարկել իրարից անկախ: Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ Չինաստանը, լինելով ավտորիտար պետություն, վարակի դեմ պայքարելու ավելի մեծ վարչական լծակներ ունի, քան Արևմուտքի երկրերը, որովհետև այս պետությունը հնարավորություն է ունեցել շուրջ 55մլն մարդու իրենց տներում փակ պահելու և կարճ ժամանակահատվածում խոշոր հիվանդանոց ստեղծելու: Բացի դա, պետք է հաշվի առնել, որ մեկ պետությունից մնացյալ երկրների վրա վարակի տարածման ռիսկը վերահսկելն ավելի հավանական է, քան տարբեր երկրներից տարբեր երկրների վրա:

Չինաստանից բացի՝ լուրջ իրավիճակում են հայտնվել Հարավային Կորեան, Իտալիան և Իրանը: Հարավային Կորեայում վարակն այս պահին ավելի շատ է սկսել տարածվել, քան Չինաստանում՝ վարակակիրների ընդհանուր թիվը հասցնելով շուրջ չորս հազարի: Հարևան Իրանում, ըստ պաշտոնական տվյալների, զոհերի թիվը մոտենում է յոթանասունին, սակայն տարբեր աղբյուրների պնդմամբ իշխանություններն իրական թվերը թաքցնում են, և այն անցնում է երկու հարյուրը: Իրանի գրեթե բոլոր սահմանային անցակետերը կամ փակ են կամ էլ միայն բեռնատար մեքենաների համար են աշխատում: Իտալիայի խանութներում սննդամթերքի և կենցաղում սպառվող այլ ապրանքների սակավության խնդիր է առաջացել, իսկ ֆուտբոլային բոլոր խաղերը հետաձգվել են:

Հեղինակ՝ Խոսրով Սեդրակյան

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

Ամենաթարմ