fbpx
Իրավական

Կոստանյանի փաստաբանը բողոքարկել է իր պաշտպանյալին կալանավորելու դատարանի որոշումը

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի փաստաբան Համբարձում Մելիք-Սարգսյանը բողոքարկել է Գևորգ Կոստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին դատարանի որոշումը վերացնելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Կոստանյանի փաստաբան Համբարձում Մելիք-Սարգսյանը։

Նա նշեց, որ բողոքը ներկայացրել են դեկտեմբերի 9-ին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, և դրանում շոշափվում էին նաև Կոստանյանի և ոստիկանապետի նախկին տեղակալ Գևորգ Մհերյանի անունները: Մասնավորապես, ըստ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ տարածված հաղորդագրության՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաև 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողությունները և ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ 2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի և սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն:

Գևորգ Կոստանյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ