fbpx
Հասարակություն

«Կրթական համակարգում կարելի է բարեփոխումներ սկսել և սկսել ծրագրային բարեփոխումներից», – Լիլիթ Կարապետյան

Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում «Նախընտրական բանավեճ» հաղորդաշարի շրջանակներում  ՄԵՆՔ դաշինքի ներկայացուցիչ Լիլիթ Կարապետյանը իր խոսքում նշել է.

«Մենք դաշինքը կարևորում է կրթության և մշակույթի դերը պետականաշինության գործընթացքում, հետևաբար՝ ունի բարեփոխումների իր ծրագիրը։ Մենք կարծում ենք, որ Հայաստանում ընթացող ցանկացած փոփոխություն անհնար է իրականացնել առանց կրթական համակարգի բարեփոխումների։ Մենք ունենք մասնագետների բավարար ներուժ՝ ուսումնասիրելու, վեր հանելու և համակարգելու համակարգի խնդիրները ամբողջությամբ։ Կարծում եմ ցանկացած ոլորտում լուրջ փոփոխությունները անհրաժեշտ են իրականացնել հանրային քննարկումների միջոցով. ես հատկապես կարևորում եմ տվյալ իրավիճակում հեռուստատեսության դերը, որովհետև, երբեմն շատ փոփոխություններ, ուղղակի մի քանի ՀԿ֊ների մակարդակով քննարկելով անցնում են պարզապես։ Շատ եմ կարևորում հեռուստատեսությամբ հանրային քննարկումները։ Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է ներդնել դասավանդման նոր մեթոդներ, ուղղված քննադատական և ստեղծագործական մտքի զարգացմանը։ Անհրաժեշտության դեպքում ինտեգրել դրանք դասավանդման ավանդական մեթոդների հետ։ Դրանք իրականացնելու համար անհրաժեշտ է մի շարք քայլեր իրականացնել, որպեսզի ավելի պրակտիկ մտածողություն զարգանա ուսանողների մոտ»։

Բանավեճի ընթացքում տիկին Կարապետյանը նշել է, որ իրենք գնում են դեպի գլոբալիզացիա և կողմ են Հայաստանում այլ լեզուներով տարբեր դպրոցների բացվելուն, որը հետագայում հնարավորություն կտա մարդուն լինել նաև աշխարհի քաղաքացի. «չէ՞ որ, մենք միայն Հայաստանի քաղաքացի չենք, մենք ամբողջ աշխարհի քաղաքացի ենք», – նշել է ՄԵՆՔ դաշինքի ներկայացուցիչը։

Ամփոփիչ խոսքում Լիլիթ Կարապետյանը նշեց, որ գիտնականները, ուսուցիչները, ինչպես նաև մանկապարտեզի աշխատակիցները շատ մեծ նվիրյալներ են, որոնք որ կարողանում են այդ ցածր աշխատավարձով, սիրելով, կրթել սերունդներին։ «Կրթական համակարգում կարելի է բարեփոխումներ սկսել և սկսել ծրագրային բարեփոխումներից», – նշել է Կարապետյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ