Կսահմանափակվի շահումով խաղերի և խաղատների գովազդը-Azat TV
Խորհրդարան
12:39 12/01/2022

Կսահմանափակվի շահումով խաղերի և խաղատների գովազդը

«Գովազդի մասին» օրենքում լրացումներ են առաջարկվում: Ըստ այդմ՝ արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան, որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում:

«2018 թվականի համեմատ 2020 թվականին այդ ոլորտում ունեցանք խաղադրույքների՝ 6 անգամ, խաղացողների՝ 3 անգամ աճ: Օրենքի ընդունումից հետո ունենալու ենք խաղատների, ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների միասնական գովազդային դաշտ, ինչը նշանակում է, որ նման գովազդ կթույլատրվի միայն 4-աստղանի և բարձր հյուրանոցներում, սահմանային անցակետերում և այնտեղ, որտեղ նրանք գործունեություն կանեն: Մյուս վայրերում նման գովազդն արգելված կլինի»,- ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

«Գովազդի սահմանափակումներ մտցնելով՝ խնդիրն ամբողջությամբ չի լուծվում, բայց սա լրացուցիչ գործոններից մեկն է, որով պետք է կանխել այս երևույթի հետագա ավելի արագ տարածումը: Վատ է, որ ունենք այս իրավիճակը, երբ մեդիադաշտը «նստած է» բուքմեյքերական գովազդի ասեղի վրա, բայց ունենք այն, ինչ ունենք: Պետք է փորձենք պրոցեսն ավելի անցնցում կազմակերպել»,- ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Նախագիծն առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ