fbpx
Կրթություն

1280 ուսուցիչ և 2426 աշակերտ ուստարին կսկսի հեռավար․ ԿԳՄՍՆ

ՀՀ հանրակրթական դպրոցների` կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի 1280 ուսուցչի տրվել է աշխատանքի կազմակերպման ընտրության հնարավորություն, այդ թվում` համապատասխան պայմանների դեպքում հեռավար ձևաչափով աշխատելու տարբերակով, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

Ըստ մարզերի թվերը բաշխվել են հետևյալ կերպ․ Երևան՝ 419, Գեղարքունիք՝ 126, Կոտայք՝ 111, Շիրակ՝ 106, Տավուշ՝ 101, Սյունիք՝ 99, Արագածոտն՝ 96, Արարատ՝ 94, Արմավիր՝ 67, Լոռի՝ 50, Վայոց ձոր՝ 11, իսկ ըստ առարկաների` հետևյալ կերպ․ մաթեմատիկայի ուսուցիչներ՝ 160, հայոց լեզվի և գրականության՝ 145, ռուսաց լեզվի՝ 124, մյուս առարկաների դեպքում ուսուցիչների թիվը փոքր է 100-ից։ Վերոնշյալ խմբում դասվարների թիվը 202 է։ Աշխատանքի չներկայացող ուսուցիչների դեպքում դպրոցը կարող է ներգրավել փոխարինող ուսուցիչների՝ առաջացած թափուր ժամերի մասով։

Բացի այդ, 2426 աշակերտի համար ուսումնական գործընթացը կկազմակերպվի կենտրոնացված հեռավար ձևով` առաջնորդվելով հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգով։ Ըստ մարզերի թվերը բաշխվել են հետևյալ կերպ․ Երևան՝ 1207, Շիրակ՝ 211, Արարատ՝ 188, Կոտայք՝ 175, Լոռի՝ 172, Գեղարքունիք՝ 142, Արմավիր՝ 110, Արագածոտն՝ 78, Սյունիք՝ 63, Տավուշ՝ 47, Վայոց ձոր՝ 33 աշակերտ, իսկ ըստ դասարանների` հետևյալ ձև. 1-ին՝ 96, 2-րդ՝ 230, 3-րդ՝ 258, 4-րդ՝ 262, 5-րդ՝ 257, 6-րդ՝ 290, 7-րդ՝ 240, 8-րդ՝ 271, 9-րդ՝ 209, 10-րդ՝ 107, 11-րդ՝ 103, 12-րդ՝ 103 աշակերտ։

Նախարարությունից հիշեցնում են, որ համաձայն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կանոնների՝ սովորողը կարող է չհաճախել դպրոց, եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության սահմանած ցանկի, տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ, տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի ընտանիքի անդամ, և առկա է համապատասխան ցուցում բժշկական հաստատության կողմից:

Հավելենք, որ այս տարի ՀՀ հանրակրթական դպրոցներում սովորելու է 397607 աշակերտ, իսկ առաջին դասարան է հաճախել 38186 աշակերտ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ