fbpx
Սպորտ

Հայաստանի հավաքական թիմերը կունենան ազգային մարզահագուստ

Պատանիների, երիտասարդների և մեծահասակների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ներկայանալի ու պատշաճ հանդես գալու համար պետական աջակցություն ստացող ֆեդերացիաներն ամեն տարի ապահովվում են նաև մարզահագուստով ու մարզահանդերձանքով, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի տեղեկացմամբ` այս տարի ևս ծրագիրն իրականացվել է:

«‎Տրամադրել ենք բավական բարձրորակ մարզահագուստ: Գլխավոր նպատակն ազգային մարզահագուստ ունենալն է, որպեսզի ոչ թե ինչ-որ ապրանքանիշի վրա փակցնենք Հայաստանի զինանշանն ու դրոշը, այլ ունենանք մարզահագուստ, որը հազար մետրից էլ կբնութագրի մեզ և ցույց կտա, որ մարզիկները Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներն են»,- նշում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նրա խոսքով` երկու մրցույթ է հայտարարվել, որոնց արդյունքում հնարավոր է ունենալ մարզահագուստ, որը կբնորոշի Հայաստանի գույները և, միևնույն ժամանակ, կլինի շատ գեղեցիկ և որակյալ:

Մարզական ֆեդերացիաներին և հավաքական թիմերին այս տարի տրամադրվել է 458 մարզահագուստ, իսկ հաջորդ տարի նախատեսվում է այդ թիվն ավելացնել: «Այս տարի գործընթացը փոքր-ինչ ուշ սկսեցինք, այդ իսկ պատճառով բավարարվեցինք այս քանակով: Հաջորդ տարվա հենց սկզբից՝ հունվարից, կբաժանվի 700 մարզահագուստ, և մեր բոլոր հավաքականները շատ գեղեցիկ հագնված կմասնակցեն միջազգային մրցումներին»,- նշել է Կարեն Գիլոյանը:

2022 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի ներկայացուցիչները նոր մարզահանդերձանքով են ներկայացել աշխարհի առաջնություններին, Վլադիվոստոկում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերին, ինչպես նաև հաշմանդամային սպորտի մրցումներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ մինչև տարեվերջ նախատեսվում է նաև մեծ քանակի մարզագույք հատկացնել մարզադպրոցներին, մարզական ֆեդերացիաներին և մարզական հասարակական կազմակերպություններին. «Մի քանի մարզագույքի համար արդեն մրցույթները հայտարարված են, որոշների գործընթացը նախապատրաստական փուլում է: Այս ծրագիրը շարունակական է: Փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի գույքի խնդիր չլինի: Մինչև տարեվերջ բավականաչափ կհագեցնենք մարզադպրոցները»:

2022 թվականի երրորդ եռամսյակում մարզադպրոցներին տրամադրվել են սեղանի թենիսներ, առաջիկայում կիրականացվեն ըմբշամարտի մարզագորգերի, ծանրաձողերի և աթլետիկական գործիքների տրամադրման գործընթացները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ