Նույն ձև բոլորիդ բեյինը մտցվեց, որ Հիսուսի արձանը կառուցվելու է Հատիսի գագաթին: Հատուկենտ մարդիկ հավատացին, որ հնարավոր է կասեցնել: Կասեցված է: Հետո քչերս հավատացինք, որ հնարավոր է նաև չեղարկել նախագիծը: Հիմա պայքարում ենք դրա համար: Չեղարկվելու է: Տեխնիկա չկա սարի վրա:
Արդարության համար ասեմ, որ երբ ասում եմ բոլորիդ բեյինը դա ամենևին բոլորին չի վերաբերվում, դա Ֆեյսբուքի ակտիվ ու կյանքում պասիվ քչից շատից հայտնի օգտատերերի բեյինն է մտած, բայց կփոխվի:
Ուրեմն դրան դեմ էր Հայ Առաքելական եկեղեցին, ՀՀ ԳԱԱ երկու ինստիտուտները և տասնյակ իրավապաշտպան ՀԿ-ներ ու նաև տուրիզմի, ալպինիզմի, արշավի, պարապլաի ոլորտի գրեթե բոլոր կազմակերպությունները: Իրենց հստակ հայտարարություններով: Դրան դեմ էին հանրագրերին միացած մարդիկ, քաղաքացիները, որոնք գնալով ավելացան՝ անցան հազարները: Շարժումը կարելի է ասել մեկնարկած է:
Ուշադիր՝ Հողի զավթումը արվել է Հիսուսի արձանի անվան տակ և սեփականության իրավունքով չփոխանցվող տարածքները՝ համայնքապետի ու ավագանու որոշմամբ փոխանցվել է՝ օտարվել է: Սրանով պատկան մարմինները զբաղվելու են, եթե չզբաղվեն, կստիպենք զբաղվել:
Հիմա, ի՞նչ կապ ունի սա Բերձորի, Աղավնոյի ու Սուսի հետ: Ուղիղ կապ ունի: Հողազավթում են անում անօրեն: Դա չի բխում ոչ մի միջազգային իրավունքից, ոչ մի միջազգային պայմանագրից, ոչ մի միջազգային պայմանավորվածությունից: Դա շանտաժի, ահաբեկման ու տեղական պատանդների միջոցով ադրբեջանառուսական կրիմինալի գործելաոճն է, տարածաշրջանում ընդունված ոճն է, որի պատճենները գործում են մեր երկրի ներսում՝ մի քանի անգամ ավելի վատ տարբերակով:
Ասում եմ ձեզ՝ բոլորին հնարավոր է հաղթել, բոլոր խնդիրները հնարավոր է հաղթահարել: Ասում եմ ձեզ, որ նաև Լաչինի մարդասիրական միջանցքի, ներառյալ այդ միջանցքում գտնվող հայկական բնակավայրերը պահպանվելու և պաշտպանվելու են: Մնում է պայքարել, որպեսզի մարդիկ դուրս չգան բնակավայրերից՝ իրենց սեփական տներից: Հավատում եմ, որ չի ստացվելու ադրբեջանառուսական ահաբեկիչ օկուպանտներին ստիպել մեզ հրաժարվել մեր հայրենիքից ու մեր հայրենիքում ապրելու, մեր տներում ապրելու իրավունքից:
Ովքեր անտարբեր չեն խնդրին, ովքեր դեռ դույզն ինչ կարող են, ովքեր չեն հանձնվել ու չեն հանձել, ովքեր պայքարելու են մեր պետականության, ազատության ու ինքնիշխանության համար՝ համախմբվեք: Եկեք համախմբվենք, որպեսզի այս հերթական անիրավությունը, հերթական անարդարությունը չփաթաթեն մեր վզին և չդառնա ևս մեկ պատմական փաստ ու հիշենք ու հիշվենք խաբվածի, թույլի ու անպիտանի պիտակով: Մենք մեզ հիմա շատ պետք ենք: Մենք հիմա բերձորցիքին, արցախցիքին պետք ենք:
Վեր կաց և փոխիր:
Նարեկ Այվազյան
Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր