«Շատ լավ ու արդյունավետ խաղ ստացվեց: Լավ է, որ հաղթեցինք, շատ ուրախ ենք դրա համար: Առաջին կեսում մի փոքր լարվածություն էր զգացվում, ռիթմի մեջ չէինք մտել, բայց հետո ամեն ինչ կարգավորվեց, կարելի է ասել, որ խաղը մեր հսկողության տակ վերցրինք. գոլեր խփեցինք ու հաղթեցինք: Շնորհավորում եմ «Կայրաթի» բոլոր երկրպագուներին», – Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում «Նոային» հաղթելուց հետո ArmSport-ի հետ զրույցում ասաց մրցակցի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը:
Հայաստանի գավաթակիրը Կամոյի վրա լավ տպավորություն է թողել.
««Նոան» շատ լավ թիմ էր: Մինչ այս էլ գիտեի, որ նրանք պայքարող են ու լավ են գնդակ պահում: Առաջին կեսում շատ լավ ֆուտբոլ ցույց տվեցին: Բայց լավ է, որ մենք հաղթեցինք»:
– Հայկական թիմի դեմ խաղալիս զգացողություններն ա՞յլ էին:
– Իհարկե, հաճելի է հայկական թիմի դեմ խաղալը, ընկերներին տեսնելը, բայց պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից այն ինձ վրա ոչ մի ազդեցություն չունեցավ: Ընդհակառակը, ուզում էի ինձ ցույց տալ ու ուզում էի լավ խաղալ: