fbpx
Իրավական

Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք նստավայրում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը։

Դատարան էին ներկայացել ամբաստանյալ Լևոն Երանոսյանը, վերջինիս պաշտպան Տիգրան Սաֆարյանը, մեղադրող դատախազ Ա. Շահբազյանը և տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը:

Այս գործով դատարանը դեռ ապացույցների հետազոտման փուլում է։ Քրեական գործի նյութերն ընթերցելուց հետո, երբ պետք է հետազոտվեին նաև գործում առկա տեսագրությունները, նախագահող դատավորը հայտնեց, որ այս պահին հնարավոր չէ ապահովել համապատասխան տեխնիկայի առկայությունը, ինչի պատճառով դատական նիստը ենթակա է հետաձգման:

Դատարանի ծանրաբեռնվածության պատճառով հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 15-ին՝ ժամը 16:00-ին:

Լրագրողների հետ զրույցում Լևոն Երանոսյանը, ինչպես նախորդ անգամ, այսօր ևս նշեց, որ կխոսի ավելի ուշ՝ տեսագրությունների հետազոտումից հետո: Լրագրողի հարցին՝ ինքը վստա՞հ է, որ Զարյա տեսակի պայթուցիկներն օգտագործելու լիազորություն ամբողջությամբ ունեցել է, Երանոսյանը պատասխանեց. «Դուք եք նկարել էն ժամանակ, դուք ավելի լավ գիտեք, տեսել եք, միասին կնայենք, դրանից հետո կխոսենք»:

Երանոսյանը դարձյալ հիշեցրեց, որ ինքը ոստիկան չէ, զինվորական է, ուստի հետևում է բանակի շուրջ ընթացող գործընթացներին, և ոչ թե ոստիկանության: Ի պատասխան հարցին, թե բանակը ժողովրդի վրա կրակելու հրաման ունեցե՞լ է 2008 թվականի արտակարգ դրության ժամանակ, Երանոսյանն ասաց՝ «Իմ գրածը կարդացեք»: Լրագրողի դիտարկմանը, թե Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում կոնկրետ ո՞ր պետական շենքի պահպանությունն է ապահովվել, Երանոսյանը չպատասխանեց. «Ես չեմ պատասխանում ձեր հարցին, այդպես եմ գտնում նպատակահարմար»: Նշենք, որ Երանոսյանը 2008 թվականին եղել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար:

Հարցին, թե առջևում ձմեռ է, ինչո՞վ է պատրաստվում զբաղվել ինքը, Երանոսյանը պատասխանեց՝ ասելով. «Ջերմոց կմշակեմ»: Ճշտող հարցին՝ ինքը ջերմոցներ ունի՞, Երանոսյանը պատասխանեց. «Կունենամ: Նա նաև հերքեց, թե ինքը որևէ բիզնես ունի իր կամ իր ազգականներից մեկի անունով»:

Աղբյուրը՝ Armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ