fbpx
Իրավական

Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, հուլիսի 2-ին շարունակվել է ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատավարությունը։

Գործով երկու տասնյակից ավել տուժողներից դատական նիստին մոտ մեկ ժամ ուշացումով ներկայացել էր միայն Զորիկ Մարտիրոսյանը։ Վերջինս առաջին անգամ էր ներկա դատական նիստին։ Նրա խոսքով՝ նախորդ դատական նիստերին չի ներկայացել, քանի որ դատարանի կողմից ուղարկված ծանուցումները ուշ է ստացել։ Դատարանը տուժող Զորիկ Մարտիրոսյանին պարզաբանեց, որ գործով տուժողների քանակը մեծ է և հնարավոր չէ յուրաքանչյուր դատական նիստի մասին բոլոր տուժողներին գրավոր ծանուցել ։

Դատարանում շարունակվում են հետազոտվել գրավոր ապացույցները, դատարանն այսօր հրապարակեց գործով տուժողների ստացած մարմնական վնասվածքների վերաբերյալ դատաբժշկական փորձագիտական եզրակացությունները։

Նիստը տևել է 1,5 ժամ։ Այն հետաձգվեց դատարանի աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 9-ին։

Դատական նիստին ներկայացած մեղադրյալը Լևոն Երանոսյանն այսօր հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, գործով տուժողների մեծ թվաքանակի հետ կապված որևէ մեկնաբանություններ չտվեց, միայն ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Ըստ մեղադրանքի` 2018 թվականի ապրիլի16-ին և 22-ին ՝Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ