Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է Կառավարության որոշումը, համաձայն որի՝ Լևոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը նախագահը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում՝ ազատվելով ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:
Երկրի ղեկավարն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանն ազատվել է պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր Լևոն Մնացականյանին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ նշանակելու մասին:
Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով` Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:
Բակո Սահակյանը հունիսի 11-ին այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն և անձնակազմին ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Լևոն Մնացականյանին՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իգոր Գրիգորյանին՝ նրա գործունեության համար:
Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Լևոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
