Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտնել է, որ Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Լիտվայի խորհրդարանի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի և ՀՀ ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանի ուղեկցությամբ:
«Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Անդրիուս Մազուրոնիսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
- Վրաստանի ՊՆ նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
- ԵԽ-ի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Լիտվայից ժամանած պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Անդրիուս Մազուրոնիսը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով Լիտվայի խորհրդարանի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար՝ Հարություն Մարությանը պատվավոր հյուրին նվիրել է ՀՑԹԻ վերջին հրատարակություններից»,- ասվում է հաղորդագրության մեջ: