«Լուսավոր Սահման» ծրագրի շրջանակներում ՀՀ և ԼՂՀ խոցելի սահմանամերձ համայնքների տնային տնտեսություններին տրամադրվում են լուսադիոդային (LED) էներգախնայող լամպեր՝ գյուղերի կայուն զարգացմանը նպաստելու նպատակով։
Մայիսի 5-ին գործակալության թիմը մի խումբ կամավորների հետ ուղևորվեց Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան համայնքի Կոթի և Բերդավան բնակավայրեր։ Գյուղերի մշտապես բնակվող բոլոր տնային տնտեսություններին, առանց բացառության, նախատեսվում է բարեգործական սկզբունքով տրամադրվել 5-ական LED լամպեր, որ ենթադրում են հետագա հոսանքի ծախսի շոշափելի խնայողություն։ Այցի արդյունքում լամպեր տրամադրվեցին առաջին խումբ տնային տնտեսություններին և թիրախային արդյունքը կապահովվի մինչև Մայիս ամսի ավարտը։
Լամպերի առավելությունը ոչ միայն էլ․էներգիայի խնայողությունն է (80-90%), այլև լաբորատոր փորձաքննությամբ հաստատված բարձր որակական հատկանիշները՝ երկարատևությունը (~30000 ժամ), դիմացկունությունը ծայրահեղ ջերմաստիճաններին, կարծրությունը, տեսողությանը անվնաս անկման անկյունը և էկոլոգիապես մաքուր լինելը։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում էր կազմակերպել և իրականացնել «Երիտասարդների կարողությունների զարգացում» երկու փուլերով՝ աշակերտների ու ուսանողների տեղեկացվածության մակարդակը էներգախնայողության անհրաժեշտության և երկրի էներգետիկ աղքատության կրճատմանը միտված գործողությունների և հնարավորությունների վերաբերյալ։ Առաջին փուլով իրականացվեց «Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն. «Լուսավոր Սահման» ծրագրի դերը» խորագրով դասընթացների շարք։
Ծրագրին մասնակցեցին 9 ուսումնական հաստատությունների աշակերտներ և ուսանողներ, ներառյալ՝ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր, «Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական» հատուկ դպրոց, «Քվանտ» վարժարան, «Գլոբալ Բրիջ» կրթահամալիր, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց, Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոն։
Երկրորդ փուլում երիտասարդները ներգրավվեցին բուն լեդաֆիկացման միջոցառման մեջ և իրենց գիտելիքները փոխանցեցին սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Կամավորների շարքը համալրեցին նաև ծրագրի հավատարիմ աջակից «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ անդամները և այլ կամավորներ։
Ե՛վ սահմանամերձ գյուղերի բնակիչները, և՛ կամավորները անգնահատելի փորձ քաղեցին միջոցառումից, գիտելիքների փոխանակման, միահամուռ զարգացման հեռնկարների քննարկման, հասարակական պատասխանատվության ոլորտում։
Ծրագրի ընթացիկ հատվածի դրամաշնորհն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում:
Ծրագրի շրջանակներում լեդաֆիկացման արդյունքում ակնկալվում է հետևյալը՝
1200 LEDաֆիկացված տնային տնտեսություններ (6000 LED լամպ)
590 հազ․ կՎտԺ տարեկան էներգախնայողություն
26 մլն ՀՀ դրամ ծախսերի խնայողություն
260 տոննա կրճատված CՕ2 տարեկան
50-ից ավել շահառուների կարողությունների զարգացում
5000-ից ավել շահառուների տեղեկացվածության մակարդակի բարձրացում
«Լուսավոր Սահման» ծրագիրը մեկնարկել է 2016թ․ նոյեմբերին և արձանագրել հետևյալ արդյունքները՝
27 LEDաֆիկացված սահմանամերձ համայնքներ
Ավելի քան 5000 տնային տնտեսություններ
Ավելի քան 25 000 տրամադրված LED լամպեր
120-150 մլն ՀՀ դրամ տարեկան խնայողություն
Սահմանամերձ համայնքները ընտրված են համաձայն ՀՀ Կառավարության 15 Հունվարի 2015թ. N 30-Ն Որոշման։
