fbpx
Քաղաքականություն

Կարգավիճակն ինքնանպատակ չէ, և ԼՂ հակամարտության բուն էությունը չպետք է մոռանալ. Ջուլհակյան

Արցախյան հարցն ի սկզբանե և միշտ ՀՀ-ի կողմից դիտարկվել է որպես իրավունքի, անվտանգության հարց: Վարչապետն ասել է այն, ինչն ի սկզբանե միշտ եղել է հակամարտության հիմքում. մենք գնում ենք արցախահայության իրավունքների և անվտանգության պաշտպանության ուղղությամբ, և այդ համատեքստում մեզ համար կարգավիճակը պետք է լինի ոչ թե նպատակ, այլ՝ միջոց. ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշել է պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ հունիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ հնչեցրած պարզաբանմանը վերաբերող լրագրողների հարցին պատասխանելով:

Արուսյակ Ջուլհակյանի դիտարկմամբ՝ ըստ վարչապետի՝ կարգավիճակը չպետք է լինի մեզ համար նպատակ, այլ պետք է լինի միջոց՝ արցախահայության անվտանգությունը և իրավունքներն ապահովելու համար:

Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, կարևորելով ՀՀ վարչապետի ելույթը, նշել է, որ փորձ է արվում փակել այն ճեղքը, որը կար հանրության և, ըստ էության, բանակցային գործընթացի միջև:

«Հանրությունը, ըստ էության, տեղեկացված չի եղել բանակցային գործընթացից: Համախմբվելու համար խաղաղության օրակարգի շուրջ կարևոր է, որ բոլորս իմանանք, թե ինչ է կատարվել, ինչ է կատարվում Արցախի հարցի շուրջ, և ինչ ճանապարհով պետք է առաջ շարժվենք՝ կառավարելով բոլոր այն ռիսկերը, որոնք առաջացել են»,- ասել է պատգամավորը:

Ընդգծվել է նաև, որ խոսելով հետքայլի մասին՝ պետք է հասկանալ, թե ինչ ելակետային տվյալներ են եղել, և հետքայլ ասելով՝ ինչ պետք է հասկանալ:

«Կարգավիճակն ինքնանպատակ չէ, և ԼՂ հակամարտության բուն էությունը չպետք է մոռանալ»,- շեշտել է Արուսյակ Ջուլհակյանը:

Արթուր Հովհաննիսյանն էլ նշել է, որ առաջնորդվում են Արցախի ժողովրդի իրավունքների իրացման և անվտանգության երաշխավորման ճանապարհով:

«Մենք խոսում ենք շարունակական գործընթացի մասին. Ռոբերտ Քոչարյանի պայմանավորվածությունները շարունակել է Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանի պայմանավորվածություններն ավարտվել են 2018 թ., երբ նա հայտարարել է, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ, ըստ էության, պատերազմն անխուսափելի է, և մեր առջև դրվել են պայմաններ, որոնք անընդունելի են ՀՀ-ի համար:

Դրանից հետո տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Եվ հիմա բանակցային գործընթացներում կան հստակ ամրագրված սկզբունքներ, որոնք այն ժամանակվա ՀՀ իշխանություններն ընդունել են բանակցային հիմք: Մենք չէինք կարող հաշվի չառնել այս ամենը: Հիմա էլ բանակցություններն ընթանում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների և իրավունքների իրացման համար, որոնցից պետք է բխեցնել կարգավիճակը»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ