Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ երկխոսության հնարավորություններն սպառված են, նրա կառավարությունը մերժել Է դրանք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն, որն իրեն հռչակել Է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ:
«Ինչ վերաբերում Է (Գուայդոյի հետ Մադուրոյի բանակցություններին աջակցություն առաջարկած) Մեքսիկայի և Ուրուգվայի նախաձեռնություններին, ես պետք Է ձեզ անկեղծորեն ասեմ, որ Վենեսուելայի բոլոր ժողովրդավարական ուժերը գտնում են, որ Մադուրոյի կառավարության հետ երկխոսության հնարավորություններն սպառված են: Ամբողջ ընդդիմությունը միասնական Է այդ հարցում»,-հայտարարել Է Գուայդոն իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, որը վերաբերում Էր Մոնտեվիդեոյում Վենեսուելայի խնդրով միջազգային շփման խմբի նիստի անցկացմանը:
Եվրամիությունը շփման խմբի ստեղծման մասին հայտարարել Էր հունվարի 31-ին: ԵՄ-ի մտահղացմամբ, շփման խումբը կոչված Է «պայմաններ ստեղծել քաղաքական և խաղաղ գործընթացի համար, որը թույլ կտա վենեսուելացիներին իրենց ապագան որոշել ազատ, թանփանցիկ և վստահության արժանի ընտրությունների ճանապարհով՝ երկրի Սահմանադրությանը համապատասխան»:
«Ռեժիմը մերժել Է մեր Սահմանադրության շրջանակներում քաղաքական համաձայնության հասնելու բոլոր հնարավորությունները: Նրանք շարունակում են երկխոսության մասին խոսել, որպեսզի ժամանակ շահեն, ինչը կարող են հաստատել Լիմայի խմբի լատինամերիկյան երկրները: Ուժերը, որոնք դեռևս պաշտպանում են Մադուրոյի կառավարությանը, չեն հանձնվի, քանի դեռ նրանց անկյուն չեն քշել այն ամբողջ միջազգային քաղաքական ճնշմամբ, որը կարող Է գործադրվել»,-ասել Է Գուայդոն: Նրա խոսքով՝ այժմ «չկա այն բանի ոչ մի հավանականություն, որ Վենեսուելայի ներկայիս իրադրությունը կայունանում Է», առջևում կարող են «միայն արմատական փոփոխություններ» լինել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: