ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում է կատարել Facebook-ում:
ՄԻՊ-ը անդրադարձել է 2 օր առաջ Հայաստանում տեղի ունեցած ողբերգական դեպքին և արդեն սոցիալական ցանցերում և առանձին կայքերում հոր և երեխաների լուսանկարների հրապարակմանը:
«Հոր ու երեխաների մահվան ողբերգական դեպքից հետո համացանցում տարածվում են անձնական բնույթի տեղեկություններ ու նույնիսկ դեպքի վայրից լուսանկերներ: Ընդ որում, առանձին դեպքերում դա արվում է այնպես, որ մարդու մասնավոր կյանքը, ընտանեկան ողբերգությունը դառնում են ակնհայտ շահարկման առարկա: Ծավալվող «քննարկումները» փնտրում են մեղավորներ, իսկ մի շարք դեպքերում էլ թիրախավորում կնոջը:
Խիստ մտահոգիչ եմ համարում առանձին կայքերի ու սոցիալական ցանցերում առկա նման վերաբերմունքը:
Մարդու ընտանեկան ողբերգությունը օգտագործելով, դեպքի վայրից մահացած երեխաների լուսանկարներ տարածելով լայքեր հավաքելը կամ դիտումներ ապահովելն անթույլատրելի է։
Մենք պետք է նկատի ունենանք, որ նման քայլերի արդյունքում ցավ ու տառապանք ենք պատճառում այդ ընտանիքներին։ Ավելին, այդ կերպ հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի համացանցում հայտնված լուսանկարները մշտապես ուղեկցեն մարդկանց իրենց ողջ կյանքում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։
Այսպիսի երևույթներն անընդունելի են նաև հասարակությունում արժեքների, ընկալումների ու բացասական հետևանքների տեսանկյունից։
Ցավակցությունս եմ հայտնում մահացածների հարազատներին»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=625165978082611&id=100017676420633