fbpx
Հասարակություն

Մահացել է բանաստեղծ, գրող Մերուժան Հովհաննիսյանը

Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 82-րդ տարում մահացել է բանաստեղծ, գրող, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ Մերուժան Հովհաննիսյանը, որն ավելի շատ հայտնի էր Մերուժան գրական անունով:

Մերուժանը ծնվել է 1940 թվականի հունիսի 13-ին Վաղարշապատում։ 1957 թվականին եղել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ազատ ունկնդիր, ապա սովորել է Երևանի պետական համալսարանում։

Եղել է «Հայ երիտասարդների միություն» (ՀԵՄ) խորհրդի անդամ։ 1963 թվականին կայացած ընդլայնված հավաքին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ և ընտրվել է ՀԵՄ յոթ հոգանոց խորհուրդը (նույնպես տեղի է ունեցել Մերուժանի բնակարանում)։ Եղել է կազմակերպության ամենաակտիվ մասնակիցներից մեկը: Ընդհատակյա տպարան հիմնելու համար տպատառեր և տպագրական հաստոցի մասեր հայթայթելու գործը նա է հաջողել, կարողացել է գրամեքենաներ ձեռք բերել։

Եվրոպական հայալեզու մամուլում տպագրելու նպատակով կարողացել է մի շարք ստեղծագործություններ ուղարկել արտերկիր։ 1963 թվականի դեկտեմբերի 29-ին կալանավորվել է, դատապարտվել է 5 տարի ազատազրկման։ Դրսևորած ըմբոստ վարքի պատճառով է ավելի է խստացվել նրա ռեժիմը, և մորդովական խիստ ռեժիմի քաղկալանավորների համար նախատեսված կալանավայրերից Մերուժանին տեղափոխել են Վլադիմիրի բանտ։ Ազատ արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան։ Պահպանել է իր կապերն այլախոհական շրջանակների հետ։ 1968 թվականին մասնակցել է Ազգային միացյալ կուսակցության անդամների հրատարակած «Երկունք» թռուցիկի երկրորդ համարի նախապատրաստման աշխատանքներին։

Մասնակցել է նաև այդ թռուցիկի առաջնորդող՝ «Հայաստանն ապագայում» վերնագրով հոդվածի մշակման աշխատանքներին, որը, սակայն, ԱՄԿ-ականների ձերբակալման պատճառով չի հրապարակվել։ Հետագայում դատապարտվել է ևս մեկ անգամ։ Այս դատապարտումը, սակայն, չի առնչվել հասարակական-քաղաքական գործունեությանը։ 1982 թվականին կրկին ձերբակալվել է նույն մեղադրանքով, դատապարտվել 14 տարվա ազատազրկման։ 1992 թվականին վաղաժամ ազատվել է կալանքից և արդարացվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ