Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը չի արտացոլում ներկայիս իրողությունները և պետք է ընդլայնվի՝ ներառելով Չմիավորման շարժման, Իսլամական համագործակցության կազմակերպության և Աֆրիկյան միության երկրների ներկայացուցիչներին։
«Ներկայումս միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ ՄԱԿ-ը, չեն արդարացնում մարդկության սպասելիքները, ՄԱԿ-ն անխուսափելիորեն պետք է լուրջ բարեփոխումներ անցնի: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անցյալի մասունք է և չի արտացոլում ներկա իրականությունը: Ես ուրախ եմ, որ այսօր աշխարհում աճում է կոնսենսուսը այս հարցի շուրջ»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ ելույթ ունենալով Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարների հանդիպման ժամանակ:
Ալիևն ընդգծել է, որ Չմիավորման շարժումը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Աֆրիկյան միությունը նախագահող երկրները պետք է տեղեր ունենան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ռոտացիոն հիմունքներով՝ վետոյի իրավունքով։
Չմիավորման շարժումը միավորում է 120 երկիր, և դրանում դիտորդի կարգավիճակ ունեն 17 պետություն և 10 միջազգային կազմակերպություն։ 2019 թվականի հոկտեմբերի 25-26-ը՝ Բաքվում կայացած շարժման գագաթնաժողովից հետո, 2019-2022 թվականներին դրանում նախագահությունը ստանձնել է Ադրբեջանը։ Ավելի ուշ երկրի նախագահության ժամկետը երկարաձգվել է ևս մեկ տարով։
