ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել Է, որ 2019 թվականին կազմակերպության աշխատանքի հիմնական ուղղությունները կլինեն կլիմայական փոփոխությունները, Եմենի, Լիբիայի, Սիրիայի եւ Աֆղանստանի ճգնաժամերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք կշարունակենք ամրապնդել գործընկերությունը Աֆրիկյան միության հետ, որպեսզի համախմբենք այդ մայրցամաքում խաղաղության հասնելու ջանքերը եւ Մալիում, Սախելում, Հարավային Սուդանում, Սոմալիում, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ճգնաժամերի երկարաժամկետ լուծումներ գտնենք»,-նշել Է գլխավոր քարտուղարը Գլխավոր ասամբլեային հղած ուղերձում: Նա առանձնակի ուշադրություն Է դարձրել Եմենին, Սիրիային եւ Լիբիային: «Անցած ամսին Եմենի շուրջ ձեռք բերված ստոկհոլմյան համաձայնագիրն օգնեց խուսափել Հոդեյդայում աղետալի զինված բախումից, ինչը զգալիորեն կմեծացներ սովի սպառնալիքը,-նշել Է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:-Սակայն դեռ շատ բան պետք Է արվի՝ ապահովելու հակամարտողների կողմից իրենց պարտավորությունների կատարումը եւ քաղաքական գործընթացի կազմակերպումը, որը կբերի խաղաղության»:
Լիբիայում, Գուտերիշի խոսքով, հաջողվում Է պահպանել ՄԱԿ-ի կողմից ապահովվող հրադադարը: «Այժմ եկել Է ժամանակը օգնել լիբիացիներին՝ միավորվելու եւ պայմաններ ստեղծելու ազգային խորհրդաժողովի գումարման համար, որը կշարունակի միավորման եւ ընտրությունների անցկացման գործընթացը»,-ասել Է նա: Խոսելով Սիրիայի մասին՝ գլխավոր քարտուղարը խոստացել Է, որ իր նոր հատուկ դեսպանորդ Գեյր Պեդերսենը կշարունակի քաղաքական կարգավորման հասնելուն ուղղված ջանքերը: «Սիրիայում դեռեւս հեռու Է պատերազմի ավարտը,-արձանագրել Է Գուտերիշը:-Միլիոնավոր քաղաքացիներ մնում են որպես ժամանակավոր վերաբնակներ կամ ապրում են նոր հումանիտար աղետի մշտական վախով: Իմ նոր հատուկ դեսպանորդը կձգտի քաղաքական կարգավորման հասնել Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի եւ Ժնեւի կոմյունիկեի համաձայն, այնպիսի կարգավորման, որը հաշվի կառնի բոլոր սիրցիացիների ձայները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: