fbpx
Մշակույթ

Տիգրան Մանսուրյանը տոնում է ծննդյան 84-ամյակը

Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը տոնում է ծննդյան 84-ամյակը:

Մաեստրոն ծնվել է 1939թ-ի հունվարի 27-ին Բեյրութում: Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, ՀՀ ժողովրդական արտիստ է: Նրա ստեղծագործությունները XX դարի եվրոպական երաժշտության նվաճումների և հայ երաժշտարվեստի լավագույն ավանդույթների ինքնատիպ համադրում է:

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգը, որի ընթացքում կհնչեն միմիայն Մանսուրյանի հայ դասական պոեզիայի հիման վրա գրված ստեղծագործությունները: Հնչելու է նաև մաեստրոյի «8 Հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործությունը, որը համաշխարհային պրեմիերա է, իսկ «Օրհներգ-Նավապետ Բարի» ստեղծագործությունը Հայաստանում կկատարվի առաջին անգամ։

«Այս համերգը չեմ կարող դասել հերթական, շարքային համերգների շարքին, քանի որ երկու՝ առաջին անգամ հնչող գործեր են ներկայացվելու. պրեմիերա է լինելու իմ տարեդարձի օրը, ինչն ինձ համար չափազանց հուզիչ է: Ստեղծագործություններից մեկը, որի հիմքում մաշտոցյան օրհներգերն են, ես գրել եմ Չեխիայի նվագախմբերից մեկի պատվերով, որը հնչեց անցած տարի։ Այս գործը միակ անգամն է հնչել առայժմ և հիմա պիտի հունվարի 27-ին երկրորդ անգամ հնչի մեր դահլիճում՝ իմ բարեկամ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։

Բացի այդ, կլինի նաև առաջին կատարումը հայրենների շարքի՝ Ութ հայրեններ երգչախմբի համար։ Իմ տարիների երազանքն է եղել այս հայրենները գրել: Ես երիտասարդ էի, երբ գրեցի ինչ-որ հայրեններ ձայնի և դաշնամուրի համար, որ երգեցին մեր մեծանուն երգիչները՝ Գոհար Գասպարյանը և այլք։ Եվ միշտ մեծ պահանջ ունեի նորից դիմելու հայրեններին։ Առիթ եղավ երգչախմբի հետ։ Մենք լավ աշխատել ենք տարիների ընթացքում Մլքեյանի հետ, և սա ինձ համար եղավ լավ հիմք՝ շարունակելու այս աշխատանքը: Եղավ Ութը հայրեն՝ սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների»,- օրերս կայացած ասուլիսի ժամանակ ասել էր Մաեստրո Մանսուրյանը։

Նրա երաժշտական ոճը բնութագրվում է որպես հին հայկական ազգայինի և ժամանակակից եվրոպական մեթոդների համաձուլում: Մանսուրյանի ստեղծագործությունների ցանկը հագեցած է: 1989թ. գրել է «Սառցե թագուհին» պիեսի երաժշտությունը, ինչպես նաև՝ ստեղծագործել օրկեստրի և երգչախմբերի համար: Ունի բազմաթիվ դաշնամուրային, կամերային, վոկալ ստեղծագործություններ:

Անվանի հայը նաև գրել է բազմաթիվ հայտնի ֆիլմերի երաժշտություններ՝ Փարաջանովի «Նռան գույնը», Միքայել Վարդանովի «Եվ այսպես ամեն օր», Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք» և այլն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ