«Հրապարակ» թերթը գրում է. «Սեյրան Սարոյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ ավարտվել է առանց արդյունքի՝ առողջական ծանր վիճակում գտնվող Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված։ Մենք հետաքրքրվեցինք վարչապետի խոսնակ Արման Եղոյանից վարչապետի կողմից Սեյրան Սարոյանին ընդունելու մասին։ Նա ասաց․
«Վարչապետն օրվա ընթացքում աշխատանքային տարբեր հանդիպումներ է ունենում․ որոնց մի մասը լուսաբանվում է, մի մասը՝ ոչ»։
Սեյրան Սարոյանը, որ վարչապետի հետ հանդիպմանը մի քանի հարակից խնդիր էլ ուներ լուծելու՝ նաեւ իր եւ այլ զինակից ընկերների ապագայի մասով, մեկ շաբաթ առաջ վերադարձել է Մոսկվա։
Իսկ Ֆրանսիայից օրերս կրկին Հայաստան է ժամանել Գրիգորյանի օնկոլոգ բժիշկը՝ Նորբերտ Ավետյանը, որն օդանավակայանից՝ պայուսակով, ուղիղ մեկնել է «Երեւան» քրեակատարողական հիմնարկ։
«Մանվել Գրիգորյանի վիճակը գնահատել է կրիտիկական, էպիկրիզի վերջում պահանջել է գրել՝ ազատություն Արցախի հերոսին»,- ասաց գեներալ Մանվելի հայաստանյան բժիշկ Արտակ Մանուկյանը։
ԱԱԾ «մատյանում» գրեցիք դա ու Դուք էլ ստորագրեցի՞ք դրա տակ։ «Այո, ես էլ ստորագրեցի, բժիշկ Նորբերտը թելադրում էր, ես գրում էի, ինքը հայերեն չգիտի։ Ի դեպ, նա վերջին արտահայտությունը կրկնեց մի քանի անգամ»։ Բա ԱԱԾ-ն ի՞նչ ասաց։ «Որեւէ բան չասաց․ մենք կոնսուլտացիայի էինք»։