Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հոգեբանորեն պատրաստ չէր պատասխանել հարցերին, որոնք նրա սրտով չէին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ի, ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ եթե նրանք նա հարցաքննվեր փակ ռեժիմով, ապա նա կկարողանար պատասխանել շատ հարցերի։
«Նա շատ ծանր էր տանում այն փաստը, որ, այդ պաշտոնում լինելով, կատարել է որոշակի գործողություններ, թեև ժխտում էր, որ օրենքից դուրս է գործել։ Կարող եմ համոզված ասել, որ մարտի 1-ին ուժային համակարգը գործում էր կառավարման տարբեր կենտրոններից»,-նշեց Քոչարյանը։
Ըստ պատգամավորի՝ Հարությունյանի համար հոգեբանական խնդիրներից մեկն այն էր, որ նա մինչ այդ աշխատել էր քրեակատարողական համակարգում և չէր կարող անգամ մտածել, որ մի օր կարող է հայտնվել ճաղերի այն կողմում։
«Սկզբում պետք է պարզել՝ Հայկ Հարությունյանն ինքնասպա՞ն է եղել, թե՞ նրան սպանել են։ Նախաքննության մարմինների աշխատանքի որակը շատ կարևոր է այս առումով, որպեսզի չծագեն քաղաքական շահարկումներ։ Այնուամենայնիվ, «Մարտի 1-ի» գործով այլևս նշանակալի վկա չկա։ Վկաները կա՛մ փախչում են, կա՛մ հայտնվում նման տխուր վիճակներում։ Նույնը կատարվեց նաև «Հոկտեմբերի 27-ի գործով»,-ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 24-ին Բջնիի իր առանձնատանը գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին:
