fbpx
Հասարակություն

Մարտի 23-ին մտադիր ենք Հայաստանում իրականացնել հեղափոխական մասշտաբի շաբաթօրյակ. Նիկոլ Փաշինյան

Որպես պետություն-համայնք համագործակցության հաջորդ կարևոր ուղղություն՝ վարչապետ Փաշինյանն առանձնացնում է շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական մաքրության ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքը։

«Վերջերս կառավարության նիստերից մեկում ասացի, որ կհամարեմ, որ Հայաստանի Հանրապետությունում էական, լրջագույն փոփոխություններ եղել են այն ժամանակ, երբ մեզ հաջողվի Հայաստանը մաքրել աղբից, ավտոմեքենաների ժանգոտած մասերից, ժանգոտած, տձև կրպակներից: Սա իսկապես այն ոլորտն է, որտեղ կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է կարողանան իրար հետ համագործակցել», – «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ նախաձեռնությամբ են հանդես եկել և մարտի 23-ին մտադիր են Հայաստանի Հանրապետությունում իրականացնել հեղափոխական մասշտաբի շաբաթօրյակ:

«Իհարկե, առաջին անգամ չէ, որ շաբաթօրյակ իրականացվում է: Վերջին անգամ, եթե չեմ սխալվում, կառավարությունը երկու տարի առաջ իրականացրել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը շատ լավ գաղափար է: Բայց մենք հիմա պետք է փորձենք չկրկնել այն սխալները կամ բացթողումները, որոնք այս ծրագրի իրականացման ընթացքում եղել են», – ասաց ՀՀ վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ անցած տարվա քայլարշավի ընթացքում իրենք տեսել են, թե ինչ խնդիրներ է բերել «Մաքուր Հայաստան» ծրագրի ոչ պատշաճ իրականացումը:

«Մենք համոզվեցինք, որ հանրապետության տարբեր հատվածներում պարզապես աղբը շատ դեպքերում տեսախցիկների առաջ հավաքվել է և տեղափոխվել տեսախցիկներից հեռու ինչ-որ վայր: Ես հասկանում եմ, որ այս հարցում ենթակառուցվածքների պակաս կա, բայց մենք պետք է պայմանավորվենք, որ այս շաբաթօրյակը պետք է կազմակերպվի պատշաճ մակարդակով, որպեսզի աղբը մի տեղից մի ուրիշ տեղ չտեղափոխենք, այլ կարողանանք իսկապես դրա արդյունքում հասնել զգալի սանիտարական վիճակի: Սա շատ կարևոր ծրագիր է, և մեր կառավարությունը որդեգրել է Հայաստանն էկոլոգիական ամենաբարձր չափանիշներին համապատասխանեցնելու քաղաքականություն, որը ենթադրում է ոչ միայն էկոլոգիական համապատասխանություն բնապահպանական չափանիշներին, ինչը չափազանց կարևոր է, այլև պետք է կենցաղային մակարդակից այս խնդիրը կարողանանք լուծել», – նշեց կառավարության ղեկավարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ