2018թ. դեկտեմբերին քաղաքային իշխանությունը պաշտոնապես հայտարարեց մայրաքաղաքում թափառող կենդանիների սպանդը դադարեցնելու որոշումը: Նոր՝ առաջադեմ գործընթացն իրականացնելու պատասխանատվությունն անմիջապես ստանձնեց Երևանի համայնքը՝ ստեղծելով կենդանիների վնասազերծման սեփական կենտրոնը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային այցի ժամանակ եղավ «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի նոր շենքում ու ծանոթացավ կլինիկայի պայմաններին, հայտնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։
Համայնքային կառույցի նոր կլինիկայի շենքն ունի վիրահատարաններ, նախավիրահատական խնամքի ու հետվիրահատական բուժմանն անհրաժեշտ վանդակներ: Շուտով այստեղ կլինի նաև ախտորոշիչ սարքավորումներով հագեցած լաբորատորիա:
«Կարևոր է նշել, որ սա մեր աշխատանքների առաջին փուլն է: Մենք հիմա առաջին փուլում հավաքում ենք Երևանում եղած թափառող շները, ստերջացնում ենք և բաց թողնում: Ինչի համար է սա արվում, որպեսզի վերջնականապես վերջ տանք դրանց վերարտադրմանը, և ժամանակի ընթացքում, բնականաբար, առկա քանակը կփոքրանա: Այսինքն՝ նոր վերարտադրում չլինի և նոր շներ չավելանան մեր փողոցներում: Երկրորդ փուլի ամենակարևոր մասնակիցներից մեկը մեր քաղաքացիներն են, ովքեր իրենց տներում պահում են շներ, կատուներ, մի խոսքով՝ կենդանիներ: Այսինքն՝ ամեն մարդ, ով տանը կամ բակում շուն է պահում, պետք է գրանցի այդ շանը: Հատուկ ձևով գրանցելուց հետո նաև պետք է բնակիչն արդեն, որպես պատասխանատու անձ, պատվաստի այդ շանը, բացի այդ, եթե էգ շուն է՝ ստերջացնի, որպեսզի վերարտադրություն չլինի: Սա այն ամենն է, ինչ ամեն քաղաքացի, ամեն բնակիչ պարտավոր է անել»,- նկատել է Հայկ Մարությանը:
Շատ հաճախ փողոցում՝ թափառողների կողքին հայտնվում են նաև տանը պահվող կենդանիները: Այս խնդիրն օրենսդրությունը կարգավորում է, բայց, ըստ քաղաքապետ Մարությանի, այն չի կիրառվել:
«Հիմա օրենսդրությունն այնպիսին է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է գրանցել իր կենդանուն, բայց տարիներ ի վեր այս ուղղությամբ ոչինչ չի արվել: Եթե չեմ սխալվում՝ մոտ 400 գրանցված կենդանի ունենք, բայց մոտ 20.000-ից ավելի կենդանիներ էլ գրանցված չեն: Ի՞նչն է խնդիրը. շատ հաճախ, ցավոք սրտի, այդ կենդանիները, որոնք պահվում են տանը, մարդիկ թողնում են դրսում, այսինքն՝ հրաժարվում են դրանցից, որն, ըստ իս, շատ դաժան է և անթույլատրելի, որովհետև եթե դու ստանձնել ես այդ պարտականությունը՝ կենդանի պահելու, պետք է մինչև վերջ պահես և խնամես: Եթե մի պահ պատկերացնենք, որ քաղաքի բոլոր կենդանիներին ստերջացրել ենք, պատվաստել և նորից բաց թողել, ապա այդ պահից սկսած, միևնույն է, կենդանիներն անընդհատ շատանալու են, որովհետև տներից նույնպես հազարներով թողնելու են դուրս, իսկ երբ այդ կենդանիները գրանցված լինեն, ամեն կենդանու չիփի վրա լինի ողջ տեղեկատվությունը նաև՝ տիրոջ անուն-ազգանունը, և նա օրենքի առաջ պատասխան կտա իր արածի համար: Այս պահին օրենքը գրանցման համար նախատեսում է տարեկան 5000 դրամ: Մեր քաղաքային իշխանությունը նախաձեռնելու է համաներում, այսինքն՝ այդ 5000 դրամը չգանձվի, բայց այն պայմանով, որ բոլորը գան և գրանցեն իրենց կենդանիներին»,- ընդգծել է քաղաքապետը:
Թափառող կենդանիների հավաքում, տեղափոխում, նախնական զննում, ստերջացում և պատվաստում. ամենօրյա լարվածությամբ աշխատող անձնակազմը շարունակում է իր շնորհակալ գործը, միայն թե արդեն հարմարավետ պայմաններում:
«Շնորհակալություն եմ հայտնում մեր ՀՈԱԿ-ի բոլոր աշխատակիցներին, ովքեր մասնակցել են այս գործընթացին դժվարագույն պայմաններում, կարելի է ասել՝ դաշտային պայմաններում են աշխատել: Այսօր արդեն զրոյից ստեղծել ենք մեր ՀՈԱԿ-ը, շենքային պայմանները լավն են»,- նշել է քաղաքապետը:
Քաղաքապետ Մարությանի խոսքով, համայնքային կլինիկայի հնարավորություններն առաջիկայում ավելի կմեծանան. կկառուցվի ևս մեկ վիրահատարան:
«Հիմա 20-25 շուն ենք օրական ստերջացնում, մինչև 30-ի հնարավորություն ունենք ստերջացնելու, բայց ուզում ենք հնարավորություններն ավելի մեծացնել և կողքին նոր մասնաշենք ենք կառուցելու»,- նշել է քաղաքապետը:
2020թ. առաջին կիսամյակի ընթացքում համայնքային կառույցն արդեն շուրջ 1300 շուն է ստերջացրել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է շուրջ 700 կենդանի: 2019 թվականից մինչ օրս ընդհանուր առմամբ մայրաքաղաքում ստերջացվել է 4300 շուն:
https://www.facebook.com/YerevanCityHall/videos/728030791306038/