fbpx
Հասարակություն

Մատենադարանի աշխատակիցներն արհեստակցական միություն են ստեղծում

Ս.թ. հունվարի 25-ին ինքնակազմակերպ հանդիպման ընթացքում Մատենադարանի մի խումբ աշխատակիցներ, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածով, նախաձեռնել են հիմնադրել Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպություն: Այս մասին հայտնում է կազմակերպության ֆեյսբուքյան էջը: Փետրվարի 1-ի հիմնադիր ժողովի ընթացքում ընտրվել է արհեստակցական կազմակերպության աշխատանքները համակարգող երկու մարմին՝ գործադիր և վերահսկող, հաստատվել է կանոնադրությունը: Արհեստակցական կազմակերպության բարձրագույն մարմինն արհեստակցական կազմակերպության ժողովն է, որը ձևավորվում է արհեստակցական կազմակերպության բոլոր անդամներից:

Կազմակերպության նպատակները.

• ձևավորել աշխատանքային հարաբերությունների նոր մշակույթ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, հավասար իրավունքների, թափանցիկության, աշխատանքային իրավունքների և պարտականությունների իրազեկվածության վրա,

• իրականացնել իր անդամների աշխատանքային, մասնագիտական, սոցիալ-տնտեսական իրավունքների և շահերի պաշտպանություն,

• իրացնել գիտա-գործնական ծրագրերի մշակմանն ու դրանց կենսագործմանը մասնակցելու իրավունքը,

• մասնակցել ոլորտի աշխատողների շահերը շոշափող օրենսդրական ակտերի, պետական ծրագրերի վերլուծության աշխատանքներին, այլ միջոցառումներին,

• ներկայացնել գործատուին առաջարկություններ` աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանների բարելավման, նոր տեխնիկայի ներդրման, աշխատանքի վարձատրության չափի և կարգի վերաբերյալ, արհեստակցական միության անդամի պարգևատրման ու խրախուսման հարցերում,

• նպատակաուղղել արհեստակցական կազմակերպության միջոցները վերջինիս անդամների հանգստի, ուսումնա-մշակութային, կրթական, մարզական և այլ միջոցառումների կազմակերպմանը:

Օրենսդրությամբ սահմանված կարգով արհեստակցական կազմակերպության անդամ կարող է լինել Մատենադարանի յուրաքանչյուր աշխատող, որն ընդունում և իրականացնում է կանոնադրության պահանջները և սահմանված կարգով մուծում անդամավճար (աշխատավարձի 1 %-ի չափով): Անդամավճարի (աշխատավարձի 1%) 20 %-ը փոխանցվելու է Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, որին անդամակցում է Մատենադարանի աշխատողների արհմիությունը: Հայաստանի պետհիմնարկների արհմիությունն արդեն իր միջոցներով գրանցել է Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում: Անդամավճարի 20%-ի փոխանցումը նպատակ ունի մաս-մաս փոխհատուցելու այս և հետագա այլ ծախսերը, ինչպես նաև բխում է արհմիութենական գործունեության տրամաբանությունից: Անդամավճարի մնացած 80%-ը բացառապես օգտագործվելու է Մատենադարանի արհմիության կանոնադրության մեջ հռչակված նպատակներով՝ արտացոլվելով բաց և թափանցիկ հաշվետվություններում:

Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը բաց և մասնակցային հարթակ է բոլոր աշխատակիցների համար՝ իրավասու ներկայացնել միայն իր անդամների շահերը:

Այն աշխատակիցը, որ քաջատեղյակ է աշխատանքային իր իրավունքներին ու պարտականություններին և դրանք բարեխիղճ իրականացնում է, ով իր կատարած աշխատանքի դիմաց ստանում է արժանապատիվ վարձատրություն, աշխատավայրում տեսնում է սեփական ընդունակությունների հիման վրա մասնագիտական աճի և առաջադիմելու հեռանկար, ով հավատում է, որ իր ակտիվ մասնակցությունը հանգեցնում է աշխատանքի վայրում շոշափելի և էական բարելավումների, այդպիսի աշխատակիցը կայացած աշխատակից է: Չի կարող լինել կայացած հաստատություն առանց կայացած աշխատակցի: Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը կոչված է նպաստելու կայացած աշխատակցին և աշխատավայրին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ