Դերասան Մեթյու Մակքոնահին ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի նախօրեին հանդես է եկել տեսաուղերձով՝ կոչ անելով ամերիկացիներին պահպանել հավատը երկրի հիմնարար արժեքների նկատմամբ: Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում դերասանը շեշտել է, որ Միացյալ Նահանգները հիմնվել է ոչ թե ապացուցված փաստերի, այլ համոզմունքների վրա, որոնց համար արժե պայքարել:
«Մեզ անհրաժեշտ են սկեպտիկներ, այո՛, բայց մեզ պետք չեն ցինիկներ։ Մեկը հոգ է տանում հարցեր տալու համար, ինչը մենք պետք է անենք, իսկ մյուսն արդեն հանձնվել է», – հայտարարել է Մակքոնահին: Նա հորդորել է քաղաքացիներին տոնական օրը նշել համերաշխության մթնոլորտում՝ նույնիսկ այն հարևանների հետ, որոնց հետ կարող են տարաձայնություններ ունենալ: Դերասանը նշել է, որ այս հոբելյանը պետք է դիտարկել որպես ճանապարհ, այլ ոչ թե վերջնակետ:
Մակքոնահիի ուղերձը հնչել է այն ժամանակ, երբ Վաշինգտոնում անկախության տոնակատարությունները բախվել են մի շարք դժվարությունների: Ինչպես հաղորդում է CNN-ը, ռեկորդային շոգի պատճառով Ազգային ծառուղում (National Mall) նախատեսված միջոցառումները հետաձգվել են մինչև օրվա երկրորդ կեսը: Բացի այդ, «Մեծ ամերիկյան տոնավաճառի» (Great American State Fair) հետ կապված միջոցառումները նույնպես խնդիրներ են ունեցել՝ էլեկտրաէներգիայի անջատումների և մասնակցության ցածր ցուցանիշների պատճառով:

