ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն երեք պայման է ներկայացրել, որոնց կատարման դեպքում պատրաստ է մնալ փարիզյան ակումբում: Այս մասին հայտնում է OK Diario-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, Մբապեն ՊՍԺ-ից կարող է հեռանալ կա՛մ հաջորդ ամառ, կա՛մ 2024 թվականին՝ ազատ խաղացողի կարգավիճակում: Որպեսզի սա տեղի չունենա, ֆուտբոլիստն իր պահանջներն է ներկայացրել:
Առաջինը ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի վաճառքն է: Ակումբը դեռ անցած ամառ էր փորձել վաճառել բրազիլացուն, որպեսզի համոզի Մբապեին, սակայն ոչ մի պոտենցիալ գնորդ չի հայտնվել, որը Նեյմարին կկարողանա համապատասխան մակարդակի աշխատավարձ առաջարկել:
Երկրորդը «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ձեռքբերելն է. նրա պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը:
Երրորդը «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին հրավիրելն է:
Հիշեցնենք՝ նախորդ մրցաշրջանում Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում էր, շշուկներ էին պտտվում, որ ֆրանսիացին կարող է տեղափոխվել «Ռեալ», սակայն որոշեց երկարաձգել պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ:

