Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է առողջապահության նախարարության առաջարկությունը, ըստ որի՝ Համացանցում և հեռուստատեսությամբ վնասակար ուտելիքի գովազդի ցուցադրումը մինչև ժամը 21:00-ն կարգելվի: Դա մանկական ճարպակալման դեմ պայքարի համալիր միջոցառումների բաղկացուցիչ մասն է:
Ներկայում յուրաքանչյուր երրորդ երեխան տարրական դպրոցն ավարտում է ավելցուկային քաշով կամ ճարպակալմամբ: Դրանով լրջորեն տառապող երեխաների թիվը ռեկորդային բարձր մակարդակում է»,- նշվում է հաղորդման մեջ:
Առողջապահության և սոցիալական ապահովության դեպարտամենտում նշել են, որ սահմանափակումները վերաբերելու են հեռուստածրագրերին, առցանց-հեռարձակումներին և սոցցանցերին: Ավելի վաղ ճարպի, աղի կամ շաքարի բարձր պարունակությամբ մթերքների գովազդն արգելված էր միայն մանկական հեռուստածրագրերում: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ դեռահասներն իրենց ժամանակի 64 տոկոսն անց են կացնում այն հաղորդումների դիտմամբ, որոնք չեն համապատասխանում իրենց տարիքին:
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը ճարպակալումը որակել է որպես «աճող համաճարակ»: Ավելորդ քաշով մարդիկ շաքարախտ կամ ասթմա ստանալու վտանգին են ենթարկված, նշել են գերատեսչությունում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: