Իրավական

Արմեն Գևորգյանի հորը մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Անդրանիկ Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա թաքցրել և խեղաթյուրել է որդու` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի կողմից ստացած կաշառքի գումարի իրական բնույթն ու ծագումը և օրինականացրել առանձնապես խոշոր չափերի՝ 309.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը, հայտնում են ՀՀ ՀՔԾ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ 2008 թվականի գարնանն Արմեն Գևորգյանը, իր մտերիմ անձի օժանդակությամբ ստանալով վերը նշված առանձնապես խոշոր չափերի կաշառքը, դրա իրական բնույթն ու ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու համար ապահովել է նշված կաշառքի գումարի փոխանցումները տարբեր իրավաբանական անձանց անուններով, ինչպես նաև իրեն փաստացի պատկանող, արտերկրում գործունեություն ծավալող կազմակերպության բանկային հաշվին: Այնուհետև նշված կազմակերպության գործադիր տնօրեն Անդրանիկ Գևորգյանը, օժանդակելով որդու կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն, տնօրինել է հիշյալ գումարը և այն ներդրել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության մեջ՝ այդ կերպ խեղաթյուրելով և թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված կաշառքի իրական բնույթն ու ծագումը:

Անդրանիկ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ