fbpx
Մշակույթ

Նկարեցի այն, ինչ որ ինձ ամենաշատն էր հուզել՝ պատերազմի տեսարաններից մեկը. Սեյրան Մեջանյան

Seryan Mejeryan

Մեր զրուցակիցն է երիտասարդ նկարիչ և Mejanyan Art Studio-ի հիմնադիր Սեյրան Մեջանյանը։ Նրա ուրույն ոճով աշխատանքները իրենց տեղն են զբաղեցնում մեր ժամանակակից գեղարվեստի ներկապնակում։ Սեյրանն 2008 թվականից նկարում է։

Ո՞ր տարիքում հասկացաք, որ ապագայում պետք է նկարչությամբ զբաղվել։ Ինչպե՞ս էր այդ սերն ու հետաքրքրասիրությունն արտահայտվում։ Ինչպե՞ս արձագանքեցին հարազատները, երբ իմացան, որ ցանկանում եք նկարիչ դառնալ։

Նկարչության հանդեպ սերը դեռ փոքր տարիքից կար, շատ էի սիրում նկարել։ Քանի որ հայրս էլ է նկարիչ, փոքր ժամանակվանից այդ  ամեն ինչն իմ աչքի առաջ է եղել՝ ներկերը, կտավները։

«Արվեստով լի մանկություն եմ ունեցել, հետո կամաց-կամաց հայրս էլ տեսավ, որ մեջս շնորհ կա, այդպես որոշեցվեց՝ նկարչության եմ գնալու»։

Սկզբից հայրս էր սովորեցնում, հետո ընդունվեցի Թերլեմեզյան քոլեջ։ Այդ ամեն ինչը կարծես թե մեխանիկորեն ստացվեց․ այդ գործից տանը հասկացող մասնագետ կար: Այդպես ինքնըստինքյան ավելի հեշտ ստացվեց, հասկանալու, ընկալելու խնդիր չկար։

Շատ դեպքեր գիտեմ ընտանիքներում, որ կան թե՛ երաժշտության հանդեպ, թե՛ նկարչության հանդեպ, ընդհանրապես արվեստի առումով շնորհ կամ տաղանդ  ունեցող մարդիկ են, բայց ծնողները չեն թողնում դրանով զբաղվել։ Մտածում են դրանով գումար աշխատել չի լինի, նորմալ ապրել չի լինի։ Բայց քանի որ մեր ընտանիքում այդ կարծրատիպը կոտրված էր, այդպես ստացվեց։ Իհարկե դժվարություններ եղել են, բայց ապրում էինք։ Իմ դեպքում հեշտ եղավ այդ պահը։

Ի՞նչ հեռանկար էիք տեսնում Հայաստանում նկարչի համար։ Պատահե՞լ է, որ Դուք էլ ընկնեք կես ճիշտ կես սուտ կարծիքների կամ կարծարտիպերի ազդեցության տակ ու մտածեք, որ դա ապագա չէ, գուցե հոբբի մնա, բայց՝ ոչ վաստակելու միջոց։  Ձեր սպասումները արդարացվել ե՞ն։ 

Իհարկե եղել են այդպիսի պահեր հիմնականում ուսանող ժամանակ, որ մի քիչ դժվար էր գումար աշխատելը, հիմա էլ են դժվար պահեր լինում։ Հենց այդ պահերին է, որ միտք է գալիս՝ իսկ կարո՞ղ է, օրինակ, ծրագրավորող դառնայի, կարո՞ղ է ինչ-որ ուրիշ մասնագիտություն ձեռք բերեի, սա էլ այդպես հոբբի մնար։

gtnvac yeraz Seyran Mejanyan

«Բայց դա մի պահ է ուղղակի, գալիս է, հետո կարծես ուժեղանում ես, ոտքի ես կանգնում ու անցնում առաջ»։

Հասկանում ես, որ քո գործից լավ գործ չկա, իմ կարծիքով բոլորի մոտ էլ նման մտքեր լինում են, դա նորմալ է երևի։

Ի՞նչ է պետք ստեղծագործելու համար։ Շատերն ասում են՝ կարևոր նախապայման է մուսա ասվածը։ Օրինակ՝ Դուք, ինչից եք ոգեշնչվում։ Ի՞նչ պայմաններ են պետք, որ կարողանանք կտրվել աշխարհից ու ստեղծել մեկ այլ աշխարհ։  

Իմ կարծիքով կա մուսա, այդպիսի բան՝ ոգեշնչում, բայց կարծում եմ պրոֆեսիոնալ նկարիչը պետք է այդպիսի բաներին շատ չտրվի, որ մուսային նայես, կարող է ամսիներով կամ տարով չգա այդպես էլ։ Ընդհանրապես ոգեշնոչումը, մուսան աշխատելու ընթացքում է հայտնվում։ 

«Պրոֆեսիոնալը պետք է ամեն օր  աշխատի, նկարի, որ մուսան գա»։

Եթե սպասեմ մուսայի գալուն, հնարավոր է՝ ամիսներով չնկարեմ։ Պետք է օրերով, քրտնաջան աշխատես։

Մուսան ավելի շատ սիրողական նկարելու բան է, եթե սիրողական նկարիչ ես, քեզ համար հոբբի է դա,  կարող ես սպասել մուսային, որ նկարես։ Իսկ պրոֆեսիոնալ նկարիչը սպասելու իրավունք չունի, նա պետք է գտնի, պետք է բերի այդ մուսան։ Ճիշտը դա է, ես այդպես եմ ապրում, այդպես եմ աշխատում։

Ինչպե՞ս է հանրությունը վերաբերում արվեստի այդ ճյուղին։ Եթե համեմատական տանենք, որտեղ եք ավելի շատ նկար վաճառել։ Հայաստանում, թե՞ դրսում։ Ինչ դժվարությունների կարող է հանդիպել նկարիչը այս աշխարհում, և եթե ավելի նեղացնենք շրջանակը, Հայաստանում ի՞նչ դժվարությունների եք հանդիպել։

gtnvac yeraz Seyran Mejeryan

Դե Հայաստանում էլ եմ վաճառել, դրսում էլ, արտասահմանից էլ հաճախորդներ կան։ Այնտեղ էլ  հայեր կան, որոնք ավելի վճարունակ  են, քան այստեղ։ Մի քիչ դժվար է։ Այստեղ հանրությունը  այդքան էլ պատրաստ չէ  գումար տրամադրել ինչ որ նկարի համար։ Չգիտեմ։ Կան մարդիկ այստեղ, որ իհարկե ունեն այդ գումարը, այնպես չի որ չունեն:

gtnvac yeraz Seyran Mejeryan

«Ուղղակի դա արդեն արվեստի հանդեպ սիրուց, վերաբերմունքից է գալիս»։

Մարդիկ չունեն այդ մոտեցումը։ Դրա համար կարծում եմ, որ դեռ դպրոցից պետք է սերմանել արվեստի հանդեպ սերը։ Երբ մարդը արվեստի հանդեպ սեր չի ունենում, հաստատ կյանքում չի մտածում, որ որոշակի գումար վճարի նկարի համար։ Դրա փոխարեն իրեն հաճելի գնում է կատարում։ Դե դժվարությունը այն է, որ մեր երկրում նկար վաճառելը բարդ է, շատ քչերն են, որ Հայաստանում ցանկություն ունեն նկար գնել ու այդ հնարավորությունը ունեն՝ վճարել նկարի համար։ 

Շատ տպավորիչ և  յուրօրինակ էր «Ապոկալիպսիսի հեծյալները» շարքը։ Պատմեք դրա մասին, ինչու՞ այն  կիսատ մնաց։ 

«Ապոկալիպսիսի հեծյալները» ոգեշնչվել էի մի բազմասերիանոց ֆիլմից։ Վստահ եմ շատերն են նայել։ Ես փոքր ժամանակվանից այդ ֆիլմը նայում էի։ Մի հատված կար ինձ ամենաշատը դուր եկավ, այնտեղ կան «Պատերազմը», «Համաճարակը», «Սովը» և «Մահը»՝ 4 հեծյալ։ Վերջինը «Պատերազմն» էի նկարում, որը կնոջ կերպար էր ձիու վրա, ուղղակի ոնց որ չստացվեց այդ մասը։ Ճղեցի, գցեցի մի կողմ։ Մտածեցի, որ նորից կանդրադառնամ, որ կիսատ չմնա, 4 մաս կունենա՝ ոնց պետք է։

Apocalypse Seryan Mejeryan2

«Ուղղակի նկարչի կյանքը զարգացում է ունենում, պահ կա, որ զգում ես դա պետք է, պահ կա, որ զգում ես դա արդեն անցած էտապ է և անցնում ես առաջ։ Դրա համար էլ այդպես թողեցի այդ նկարը։ Այդպես մնաց 3 մասանի շարք»։ 

Apocalypse Seryan Mejeryan1

Անդրադարձ կատարենք նաև Ձեր վերջին՝ «Անիրական» շարքին։ Ինչու՞ ընտրեցիք հենց այդ անունը։ 

«Անիրական» շարքը ինձ ավելի հոգեհարազատ է։ Այսքան ժամանակ արվեստի փնտրտուքի մեջ  ինձ ամենահոգեհարազատ շարքն է, ուղղությունն է, որ ես ստացա։ Չգիտեմ, ինքն այդպես պատահական ստացվեց։ Առաջին «Ուրվական» նկարը բավականին մեծ նկար է՝ 2 ֆիգուրանոց։ Այդտեղից սկսեց. Անիրական կերպար՝ կնոջ գլխին սկուտեղ՝ նատյուրմորտը կնոջ գլխին, որ առօրյայում այդպիսի բան չենք հանդիպի։ Սյուրռեալիստիկ վիճակներ։

Anirakan Seyran Mejeryan

Ես առհասարակ չեմ սիրել նկարել այն, ինչ որ կա, այն ինչ որ կարող ենք փողոցում տեսնել առօրյայում։ Ես սիրում եմ ֆանտաստիկը, սյուռեալիստիկը, տարբեր էլեմենտներ, որ մենք առօրյայում չենք հանդիպի։ Ինձ թվում է արվեստում պետք է մի քիչ հեքիաթ մտնի։ Դա այն ավելի հետաքրքիր ու սիրվող է դարձնում։

Գիտենք, որ մասնակցում եք Արցախյան երկրորդ պատերազմին նվիրված «Կյանքից առավել» խորագրով մրցույթին։ Պատմեք Ձեր ունեցած զգացողությունների և մասնակցության մասին։  

Պատերազմի թեմայով շատ վաղուց էի ուզում նկարել, դեռ ծառայությունիցս հետո։ Իմ ծառայությունը համընկավ Ապրիլյան պատերազմի ժամանակահատվածին և հետո, որ վերադարձա, ուզում էի այդ թեմայով նկարել։ Բայց ոնց որ չստացվեր դեռ։ Երբ Արցախյան երկրորդ պատերազմը սկսվեց, ես էլ պահեստազորի կազմում գնացի դիրքեր՝ Արցախ։ Վերադառնալուց հետո այս մրցույթի մասին տեղեկացա և որոշեցի մասնակցել։ Որոշեցի այս թեմայով վերջապես մի հետաքրքիր գործ, աշխատանք  անել։ Նկարեցի այն, ինչ որ ինձ ամենաշատն էր հուզել՝ տեսարաններից մեկը, պատերազմից հետո վերադառնալուց տեսածս, թե մարդիկ Քարվաճառում ոնց էին իրենց տները վառում և լքում։ Փորձել եմ այդ տեսարանը պատկերել։

kyanqic aravel Seryan Mejeryan

Ժամանակին նախամարդիկ հնարավորություն ունեին նկարելու պատերի վրա, երևի թե այն պատճառով, որ մնացած հարմարությունները դեռ չէին ստեղծվել։ Հիմա՝ ժամանակակից աշխարհում, կարծես թե ամեն բան կա ազատ ստեղծագործելու, նկարելու, նկարչի աշխատանքն ավելի հեշտացնելու համար, բայց արի ու տես, մարդիկ հիմա էլ սիրում են նկարել պատերին։ Ի՞նչը Ձեզ ոգեշնչեց, որ սկսեք նկարել պատերին։ Ինչպե՞ս եք վերաբերում STREET ART-ին, զբաղվում ե՞ք նկարչության այդ ճյուղով։ 

Դե պատերի նկարչությունը միքիչ ավելի կոմերցիոն է։ Երբ ընկերներով Թերլեմեզյանի ուսանողներ էինք, դեռ այդ ժամանակավանից սկսեցինք պատերի վրա նկարել՝ գումար աշխատելու համար։ Ընկերներով նկարում էինք, քանի որ այդպես ավելի ռեալ էր ուսանող ժամանակ գումար աշխատելը։ Այդ ժամանակ մեզ համար մի քիչ ֆանտաստիկայի ժանրից էր մեր նկարները վաճառելն ու այդպես այլընտրանք գտնվեց։ Ու կամաց-կամաց զարգացավ՝ և՛ մարդիկ սկսեցին հավանել այդպիսի գործերը, և՛ մենք այդ գործի մեջ ավելի հմտացանք։ Բայց հիմա արդեն առանձին առանձին ենք զբաղվում։ Տարբեր սրճարաններ, գրասենյակներ են պատվիում, երբեմն անհատներ։ Այդ պատվերների միջոցով էլ երբեմն ավելի է հեշտանում նկարչի կյանքը, որովհետև նկար վաճառելը միքիչ ավելի դժվար է, իսկ դա ավելի լավ այլընտրանքային տարբերակ է։

pater Seryan

Ճիշտ է մենք այդ առումով երբեմն այդքան էլ չենք ստեղծագործում, քանի որ պատվեր ենք կատարում։ Պատվիրատուն ուզում է այսինչ նկարը նկարվի, փորձում ենք ընթացքում էլի ստեղծագործել, բայց ավելի շատ արտանկարային բան է ստացվում։

Իսկ STREET ART-ին, եթե լավ STREET ART է , եթե պատ չեն կեղտոտում, հա, շատ լավ եմ վերաբերում։

«Նույնը, որ Նյու Յորքում ու Փարիզում  ֆոտոներով նայում եմ այնպիսի գործեր են անում, այսպես ասած՝ փողոցային նկարիչները, որ նույնիսկ կրթություն ստացած նկարիչները չեն կարող այդպիսի գործեր ստեղծել»։

pater Seryan

Ե՞րբ և ինչպե՞ս հիմնադրեցիք Mejanyan Art Studio-ն, ո՞րն է Ձեր առաքելությունը։ 

Շատ վաղ ժամանակից կար այդ նպատակը, որ ես իմ ստուդիան ունենամ, իմ փորձը փոխանցեմ մյուսներին։ Մարդիկ կան, որ միշտ երազել են սովորել նկարել, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվել։ Օրինակ՝ տարիքով մեծ են և չեն կարող գնալ, հիմա արդեն այդ հնարավորությունը, ժամանակը չունեն ընդունվել ինստիտուտ կամ քոլեջ՝ 4-ից 5 տարի սովորել։ Ես արագացված կուրսով, ավելի շատ և քրտնաջան աշխատելով, օգնում եմ, որ իրենք կարճ ժամանակում հասնեն իրենց երազանքին, նպատակին։

Մոտ 30 տարեկան երիտասարդներ կամ ավելի մեծ տարիքի մարդիկ կան, որոնք հասկացել են, որ իրենց մասնագիտությունը այլևս այդքան էլ իրենց դուր չի գալիս, կամ չեն սիրում և որոշել են դառնալ դիզայներ, ճարտարապետ կամ այլ մասնագետ, որոնք առնչվում են նկարչության հետ։

«Ես փորձում եմ ավելի արագացված տեմպերով իրենց հասցնել այդ նպատակներին»։

Mejeryan Art Studio

Մեծերի խմբակից  բացի կա նաև փորքերի խմբակներ, փորձում եմ զարգացնել նրանց մոտ այդ սերը նկարչության հանդեպ, որ ավելի զարգացած և հմտացած լինի  եկող սերունդը։

Սեյրան Մեջանյանի աշխատանքներին ծանոթանալու և իր հետ կապ հաստատելու համար կարող եք անցնել այս հղումով։

Mejanyan Art Studio-ին մասին առավել մանրամասն իմանալու համար սեղմեք այստեղ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ