Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 7-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Երևանում» թեմային:
Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվուն Չուն, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը, «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը:
Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի լոգոտիպը, իսկ գեղաթերթիկի վրա ներկայացված է Արարատ լեռը և մի հատված հայկական բնապատկերից: Գեղաթերթիկի վրա նաև տեղադրված է «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Գեղաթերթիկը տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 12 000 տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԲՏԱՆ պաշտոնական կայքից։