fbpx
Հասարակություն

Մեկնարկում է Բուսաբանական այգու ընկերներ բարեգործական ՀԿ-ի գործունեությունը

«Բուսաբանական այգու ընկերներ» բարեգործական ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

««Բուսաբանական այգու ընկերներ» բարեգործական ՀԿ-ն հանուն Երևանի, Սևանի և Վանաձորի բուսաբանական այգիների վերածննդի Ս.թ. ապրիլի 22-ին մեկնարկում է ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվանբուսաբանության ինստիտուտի աշխատակիցների նախաձեռնությամբ հիմնադրված «Բուսաբանական այգու ընկերներ» բարեգործական ՀԿ գործունեությունը: Անդամակցությունը այս կազմակերպությանը հնարավորություն կտա յուրաքանչյուրին նպաստելու Երևանի, Սևանի և Վանաձորի բուսաբանական այգիների վերածննդին և զարգացմանը: Գիտահետազոտական, էկոկրթական, բնապահպանական և համայնքային հետաքրքրություն ներկայացնող այս ազգային կենտրոնները ունեն մեր աջակցության կարիքը։

Յուրաքանչյուր անդամ վճարելով սահմանված ամսական անդամավճարը իր ներդրումը կունենա բուսաբանական այգիների առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծմանը, ինչպես նաև կստանա անդամների համար նախատեսված բացառիկ առավելություններ՝ անվճար մուտք, զեղչեր մեր ծառայությունների և բույսերի գնման դեպքում, հատուկ էքսկուրսիա, անվանական ծառ, հատուկ միջոցառումներին մասնակցության հրավերներ և այլն: Կազմակերպությունը, կարևորելով հաշվետվողականությունը անդամների և հասարակության առջև, պարբերաբար կներկայացնի Ձեր աջակցությամբ իրականացվող աշխատանքները:

«Բուսաբանական այգու ընկերներ» բարեգործական ՀԿ-ին կարող են աջակցել ոչ միայն անհատներ, այլ նաև մասնավոր կազմակերպություններ:

Դժվար ժամանակները միավորում են լավ մարդկանց՝ հիմք դնելով արդյունավետ և երկարաժամկետ համագործակցության: ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը լիովին սատարում է այս նախաձեռնությանը նպատակ ունենալով նոր շունչ տալ իր կազմում գտնվող բուսաբանական այգիներին:

Բազմաթիվ երկրների բուսաբանական այգիներն ունեն իրենց աջակից ընկերակցություններ, որոնց շնորհիվ կարողանում են լուծել տարաբնույթ խնդիրներ։ Միացե՛ք այսօր և համագործակցե՛ք մեզ հետ Երևանի, Սևանի և Վանաձորի բուսաբանական այգիներում և բնական էկոհամակարգերում կենսաբազմազանության պահպանությանը աջակցելու համար՝ նպաստելով նրա կայուն վերարտադրությանը։

Անդամակցության համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը՝ https://forms.gle/b7HZCfVPHdQGoNPb6

Հավելյալ տեղեկատվության և հարցերի դեպքում խնդրում ենք գրել մեզ [email protected] էլ. փոստի հասցեին կամ զանգահարել՝ +374 55300321։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ