fbpx
Մշակույթ

Մեկնարկել է «Կին»​​ միջազգային ​​16-րդ ​​կինոփառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 11-ին մեկնարկել է «ԿԻՆ» միջազգային 16-րդ կինոփառատոնը, որը կտևի մինչև նոյեմբերի 15-ը:

Փառատոնն արդեն 16 տարի ցուցադրում է աշխարհի ամենատարբեր կին ռեժիսորների հեղինակած ֆիլմերը` հայ և արտասահմանցի կին կինոռեժիսորների միջև հանդիսանալով փորձի փոխանակման հարթակ։ Այս տարի կինոփառատոնի ընթացքում կցուցադրվի 65 ֆիլմ` 13 երկրից, որոնք ընդգրկվել են փառատոնի ծրագրերում: Փառատոնը ներառում է՝ Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային, Հյուրերի ծրագրերը, Բրիտանական խորհրդի «Կինոժապավեն՝ իրականությունից», «Կանացի հայացք» կանադական կարճամետրաժ ֆիլմերի ծրագրերը:

Փառատոնի ընթացքում կցուցադրվի նաև Մարգարեթ ֆոն Տրոտտայի «Փնտրելով Ինգմար Բերգմանին» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակում, իսկ ռետրոսպեկտիվ ցուցադրությունը նվիրված է Անյես Վարդայի հիշատակին: Ծրագրի շրջանակում կցուցադրվի նաև նրա հայտնի «Կլեո 5-ից 7-ը» ֆիլմը: Փառատոնի միջազգային հյուրերն են՝ կանադական «Կանացի հայացք» կինոփառատոնի տնօրեն Լեսլի Անն Կոլսը և սցենարիստ Անաստասիա Գորյունովան` Ռուսաստանից։

Փառատոնի​​ ժյուրիի​​ անդամներն​​ են` Լեսլի Անն Կոլս (ռեժիսոր, «Կանացի հայացք» փառատոնի տնօրեն, Կանադա), Կարինե Վերդյան (սցենարիստ, Հայաստան/Գերմանիա), Ելենա Շուվաևա (գրող, Ռուսաստան/Հայաստան), Ռաֆֆի Նիզիբլյան (պրոդյուսեր, Հայաստան), Անաստասիա Գորյունովա (սցենարիստ, Ռուսաստան):

Կինոփառատոնի ​​ավարտին​ հաղթողներին ​կշնորհվեն​​ հետևյալ​​ մրցանակները` «Լավագույն ֆիլմ», «Հատուկ մրցանակ», մրցանակ՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից, մրցանակ` Մոսկվայի տան կողմից, մրցանակ` Անկախ կինոգործիչների ակումբի կողմից, դիպլոմներ:

Փառատոնի ​​հովանավորներն ​​են` Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Կանադայի և Ֆրանսիայի դեսպանատները, Գյոթե կենտրոնը Երևանում, Բրիտանական խորհուրդը, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը Երևանում, Մոսկվայի տունը:

​​Կինոփառատոնի ցուցադրությունների ​​մուտքն ​​ազատ ​​է։

«ԿԻՆ» միջազգային 16-րդ կինոփառատոնի բացումը ​​տեղի ​​կունենա նոյեմբերի ​​11-ին` ժամը ​​19:00֊ին, իսկ փակման արարողությունը` նոյեմբերի ​​15-ին` ​​ժամը ​​19:00֊ին,​ ​ՀԲԸՄ ​​Հայաստանի ​​դահլիճում ​​​(հասցե՝ Մելիք​​ Ադամյան, ​​2/2)։ ​​

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ