Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է մասնակցել նոր պատերազմների: Թրամփը հատկապես սպառնացել է այնպես հարվածել Իրանին, ինչպես երբևէ, եթե Իրանի ռեժիմը սադրի ԱՄՆ-ին: Այս մասին հաղորդում է Politico.eu կայքը:
«Ես փորձում եմ դուրս գալ պատերազմներից: Սակայն հնարավոր է, որ մենք նորից ստիպված կլինենք մասնակցել պատերազմների: Մենք պատրաստ ենք, ինչպես երբեք: Եթե Իրանն ինչ-որ բաներ անի, մենք կհարվածենք նրանց այնպես, ինչպես երբեք»,-ասել է նախագահը լրագրողների հետ զրույցում:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը չի ցանկանում ԱՄՆ-ն ներքաշել պատերազմների մեջ, քանի որ հեռավոր երկրներից ամերիկացի զինծառայողների վերադարձն ԱՄՆ իր նախընտրական խոստումներից է:
«Երբեմն պատերազմելու ժամանակն է գալիս, սակայն լինում է ժամանակ, երբ պետք է խելացի գործել, ոչ թե պատերազմել»,-հավելել է նա:
Այնուամենայնիվ, Թրամփի որոշումը՝ Սիրիայից զորքը դուրս բերելու հետ կապված, ԱՄՆ-ի օրենսդիրներին և Պենտագոնի աշխատակիցներին ստիպել է անհանգստանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածննդի հնարավորության առնչությամբ: