fbpx
Հասարակություն

«Մենք պետք է հենց մեր համակարգերում ներկայացնենք որոշումների նախագծեր, որոնց արդյունքում կարող ենք արձանագրել, որ կոնկրետ մարդկանց կյանքում տեղի է ունենում կոնկրետ փոփոխություն», – Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության առաջ խնդիր է դրել յուրաքանչյուր օր քննարկման դնել քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը վերաբերող որոշումներ: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը նշեց կառավարության նիստում:

«Կառավարության այսօրվա նիստի հարցերի քննարկումն առանձնանում էր նրանով, որ մենք կոնկրետ որոշումներ կայացրեցինք, որի արդյունքում կարող ենք արձանագրել, որ այդ որոշումների արդյունքում ՀՀ-ի հազարավոր քաղաքացիների կյանքում լինելու է կոնկրետ փոփոխություն և նրանք իրենց վրա զգալու են իրենց կյանքի որակի փոփոխությունը: Ես ուզում եմ արձանագրել, որ սա պետք է լինի մեր գործունեության կարևորագույն ուղենիշներից մեկը: Այսօր ես աշխատակազմի ղեկավարի հետ առավոտյան քննարկման ժամանակ այդպիսի հանձնարարական եմ տվել՝ նաև այդ հանձնարարականը փոխանցել կառավարության անդամներին, որ ամեն օր մեր սեղանին դրված լինեն հարցեր, որոնց օրակարգի առաջին կետը պետք է լինի հետևյալը. մենք պետք է հենց մեր համակարգերում ներկայացնենք որոշումների նախագծեր, որոնց արդյունքում կարող ենք արձանագրել, որ կոնկրետ մարդկանց կյանքում տեղի է ունենում կոնկրետ փոփոխություն», – ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Նրա խոսքով՝ կառավարության հիմնական նպատակը և ուղենիշը պետք է լինի այնպիսի որոշումներ ստեղծելը և կայացնելը, որոնց արդյունքում իքս թվով մարդիկ իրենց կյանքում կզգան փոքր, մեծ, միջին փոփոխություն և իրենց կյանքի առօրյայի որակական էական փոփոխություն:

«Սա պետք է լինի մեր կառավարության և նախարարների գործունեության ամենօրյա թիվ մեկ առաջադրանքը, որպեսզի այդ կարգավորումները լինեն մեր հիմնական ուղենիշը»,- ասաց նա:

Այս մասին հաղորդում է armenpress.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ