Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ մայիսի 27-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել քահանայից հերթական ժողովը, որին մասնակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի եւ Արցախի թեմերում սպասավորող 225 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ եւ միաբաններ:
Առավոտյան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, հոգեւորականները Սուրբ Գայանե վանքում մասնակցել են Գիշերային ժամերգությանը:
Ժողովը բացվել է կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով: Սրբազան Հայրը քահանայից դասին մաղթել է Ավարայրի, Սարդարապատի, հայոց պետականության զորացման ու պայծառացման տեսլականով առաջ ընթանալ՝ արձանագրելով նորանոր հաջողություններ հովվական առաքելության մեջ:
Այնուհետեւ «Քահանա-անհատ ճանաչողության եւ հարաբերության հարց» թեմայի շուրջ բանախոսությամբ հանդես է եկել Քահանայից ժողովի գործադիր մարմնի անդամ Արժանապատիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը (Արարատյան հայրապետական թեմ): Բանախոսությանը հաջորդած քննարկման ընթացքում ժողովականները ընդգծել են հովվական կյանքում հոգեւոր խնամքի կարեւորությունը՝ հիմնված հովվի հոգեւոր փորձառության, ամուր հավատքի, անսակարկ սիրո եւ նվիրումի վրա: Քահանա-անհատ ճանաչողության պարագային շահեկան են համարվել ծխական համակարգի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Ժողովի երկրորդ զեկույցը «Խոստովանության եւ խոստովանահոր շիտակ ընկալումը Հայոց Եկեղեցում» թեմայով ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Նյութի շուրջ Հայր Սուրբը հայ եկեղեցական մատենագրությունից եւ կանոնագրքերից քաղված տեղեկություններ է փոխանցել` անդրադարձ կատարելով նաեւ այլ Եկեղեցիների փորձառությանը: Ծավալված քննարկման ընթացքում քահանա հայրերը խնդրի առնչությամբ ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հովվական փորձառությունը:
Ժողովը եզրափակվել է Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Հայոց Հովվապետն իր գնահատանքն է հայտնել ժողովի մասնակից եկեղեցականներին իրենց նվիրյալ ծառայության համար: «Մենք միշտ հպարտ ենք մեր եկեղեցականներով: …Այն աշխատանքը, որ նրանք իրականացնում են, իրականացնում են ամբողջական պատասխանատվությամբ, առաջին հերթին` հավատքով, աստվածսիրությամբ եւ ազգասիրությամբ, գիտակից, որ իրենց առաքելությունը պայմանավորում է աստվածսիրությունն ու հայրենասիրությունը հայ հավատացյալի՝ արժեքներ, որոնցով հարատեւել է մեր ժողովուրդը, պահպանվել է մեր երկիրը, որոնցով այսօր մենք ունենք անկախ պետականություն», – ասել է Վեհափառ Հայրապետը` պատգամելով դժվարությունների առջեւ չընկրկել, միասնաբար ջանալ հաղթահարել դրանք եւ անշեղ ընթանալ այդ ճանապարհով, նույն քաջարի ոգով, ամբողջական պատասխանատվությամբ շարունակել իրենց ծառայությունը հայ ժողովրդի կյանքում:
Անդրադարձ կատարելով մայիսյան հերոսամարտերին եւ տիրող հաղթական մթնոլորտին` Նորին Սրբությունը խոսել է նաեւ մեր ժողովրդի դավանած արժեքների անխաթար պահպանության անհրաժեշտության մասին` դրանում կարեւորելով Հայոց Եկեղեցու եւ հայ հոգեւորականի դերակատարությունը: «Մենք՝ իբրեւ եկեղեցականներ, պետք է ամրորեն, հաստատուն կերպով, քաջաբար պաշտպանենք հոգեւոր, բարոյական մեր արժեքները, որոնք առանցքն են մեր ինքնության, որոնց շնորհիվ հարատեւել ենք դարերի մեջ, դիմակայել ամեն տեսակ փորձությունների, փրկության առաջնորդել մեր ժողովրդին եւ կերտել անկախ պետականություն»,- ընդգծել է Հայոց Հովվապետը:
Վերջում Նորին Սրբությունը շնորհավորել է եկեղեցականներին Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրվա առիթով՝ իր տոնական բարեմաղթանքները փոխանցելով ամենքին:
Հայրական իր օրհնությունը բերելով հոգեւոր դասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ մաղթել է Աստծո զորակցությամբ աննկուն մնալ հավատքի մեջ, հավատարիմ` Երկնավոր Տիրոջ ու սուրբ հայրերի սահմանած ուղուն: Նորին Սրբությունն աղոթել է հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար:
Ժողովի ավարտին հոգեւորականաց դասը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է Երեկոյան ժամերգությանը: