Հասարակություն

Մեծ Եղեռնի օրը, պետք է դառնա մեր միասնականության ու պայքարի օրը. ԲԱՑՈւՄ

Հայոց ցեղասպանությունը, որը հանգեցրեց 1,5 միլիոն մարդու բնաջնջման, համաշխարհային ողբերգություն է մարդկության համար, որն աշխարհը կհիշի ապրիլի 24-ին։ Սակայն չպետք է մոռանալ, որ այսօր Արցախում հայ ժողովուրդը բախվում է Ադրբեջանի կողմից ցեղասպանության նմանատիպ սպառնալիքի։ Արցախի շրջափակմամբ և աշխարհին կապող ճանապարհի փակմամբ պարզ են Ադրբեջանի հկամարդկային և ագրեսիվ գործողությունները հայ ժողովրդի դեմ։

Որպես հանրույթ՝ մենք ընդհանուր պատասխանատվություն ունենք՝ կանխելու հերթական ցեղասպանությունը: Մենք չենք կարող մեզ թույլ տալ լռել կամ անտարբեր մնալ։

Հետևաբար.

Կոչ ենք անում համայն հայությանը, հայկական բոլոր կազմակերպություններին, ազդեցիկ անհատներին, որոնք ամեն տարի հիշատակի օրը իրենց արդար ձայնն են բարձրացնում, քայլեր ձեռնարկել և աշխարհով մեկ թմկահարել Ադրբեջանի ցեղասպանական ու ահաբեկչական գործունեությունը կանխելու անհրաժեշտության մասին։ Այս տարի՝ 108-րդ տարելիցին՝ Մեծ Եղեռնի օրը, պետք է դառնա մեր միասնականության ու պայքարի օրը ոչ միայն Թուրքիային պահանջներ ներկայացնելու համար, այլ նաև Ադրբեջանին ստիպելու, որպեսզի հրաժարվի իր հակահայկական գործողություններից։

Դիմում ենք միջազգային հանրությանը և կազմակերպություններին հրատապ քայլեր ձեռնարկել և թույլ չտալ, որ Արցախում հայ ժողովուրդը վերապրի հերթական համազգային աղետը։

Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը արցախահայությանը ցեղասպանության վտանգից պաշտպանելու ամենաճիշտ ճանապարհն է. Մենք կոչ ենք անում յուրաքանչյուր երկրի, որը գնահատում է անկախությունն ու ազատությունը, ճանաչել և ցույց տալ ագրեսորներին, որ քաղաքակիրթ աշխարհը կանգնած է պաշտպանելու բոլոր ժողովուրդներին և ազգություններին: Ավելին, Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայումն էական դեր կունենա նրա ժողովրդի պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար, և իրականությանը կմոտեցնի տարածաշրջանում խաղաղության հաստատումը։

Մենք բոլորս պետք է քայլեր ձեռնարկենք, վերացնելու Արցախում հայ ժողովրդի առջեւ ծառացած ռիսկերը։ Միացեք մեր դիմումին, մեր կոչին, բարձրացրեք արդարության ձայնը և ճնշում գործադրեք Ադրբեջանի վրա՝ հրաժարվելու իր հակամարդկային, ցեղասպան քաղաքականությունից և Արցախի շրջափակումից: Պատմությունը չպետք է կրկնվի. Եկե՛ք միասնական լինենք՝ կանխելու հերթական եղեռնագործությունը և ապահովելու, որ հայ ժողովուրդն Արցախում ապրի խաղաղ և անվտանգ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ